2012 թվականի ընթացքում ահաբեկչության դեմ պատերազմող Աֆղանստանում 2754 խաղաղ բնակիչ է զոհվել: Այս մասին է վկայում ՄԱԿ-ի զեկույցը, համաձայն որի՝ 2007 թվականից մինչ օրս կենտրոնաասիական երկրում զոհված խաղաղ բնակիչների թիվը հասնում է 14 728-ի: Այս մասին հայտնում է իրանական Press TV-ն:
«Զինված հակամարտություններում քաղաքացիների պաշտպանություն» ամենամյա զեկույցում, որը հրապարակվել է այսօր, ասվում է, որ քաղաքացիների սպանության դեպքերի 81 տոկոսի պատճառը ինքնաշեն պայթուցիկ սարքերն են: Զոհված քաղաքացիների 8 տոկոսի մահվան պատճառը աֆղանական և կոալիցիոն ուժերի գործողություններն են, 11 տոկոսը զոհվել է տարբեր պատճառներով:
2012 թվականին, նախորդ տարվա համեմատ, զոհված և տուժած աֆղանների թիվը 12 տոկոսով նվազել է, անցյալ տարի՝ 3131:
Առանձնահատուկ նշվում է, որ անցած տարի Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի հասցրած ավիահարվածների հետևանքով զոհվել է 126 քաղաքացի, այդ թվում՝ 51 երեխա:
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայն օրերս արգելել է աֆղանական անվտանգության ուժերին ավիահարվածների աջակցության նպատակով ՆԱՏՕ-ի ուժերին դիմել: Արգելքը սահմանվել էր անցած շաբաթ տեղի ունեցած դեպքից հետո, երբ ավիահարվածի հետևանքով 10 խաղաղ բնակիչ զոհվեց:
Զեկույցում նշվում է, որ անցած տարի 700 տոկոսվ աճել են զինվորականների կողմից կառավարության աշխատողների նկատմամբ հարձակումների դեպքերը: Համաձայն զեկույցի՝ անցած տարի 20 տոկոսով աճել են կանանց և աղջիկների դեմ սպանությունների ու մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերը:









































