ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեր Անդրիոն (Ֆրանսիա) հայտարարություն են տարածել Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ առանձին կայացած հանդիպումների արդյունքներով: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
«Մենք շեշտել ենք յուրաքանչյուր նախարարին երկու երկրների նախագահների երկխոսության ինտենսիվացման և այս տարի ավելի ուշ նախագահների հանդիպման կազմակերպման կարևորությունը»,- նշված է ԵԱՀԿ հաղորդագրության մեջ: Նախարարները համաձայնել են հանդիպել իրար հետ համանախագահների մասնակցությամբ՝ ձևավորելու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրակարգը, ինչպես նաև ողջունել են համանախագահների՝ տարածաշրջան կատարելիք առաջիկա այցը:
Համանախագահներն անդրադարձել են մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: «Հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերն իր ապագայի որոշման հարցում: Այնուամենայնիվ, մեր երեք երկրներից և ոչ մեկը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ իրենք համապատասխանաբար չեն ընդունում այդ ընտրությունների արդյունքների ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա և շեշտում, որ դրանք որևէ կերպ չեն կանխորոշում ԼՂ-ի վերջնական կարգավիճակը կամ ընթացիկ բանակցությունների արդյունքները։











































