Ամերիկայի Միացյալ Նահանգներում թուրքական ամենամեծ լոբբիստական ուժը համարվող «Թուրք-ամերիկյան միությունների ասամբլեան» (ԹԱՄԱ-ATAA) 2015-ի «հակահարձակման ծրագրի» շրջանակներում շարունակում է իրականացնել և արձագանքողական, հարձակողական միջոցառումները, և անցկացնել սեմինարներ, որոնց հրավիրվում են ԱՄՆ-ի հեղինակավոր և ազդեցիկ թուրքերը, ինչպես օրինակ՝ Coca Cola-ի գործադիր տնօրեն Մուհթար Քենթը: Հենց Մուհթար Քենթի անձով են ուզում պայմանավորել այդ հանդիպումներն ու դրանց ընկալումներն ԱՄՆ-ում: Նա մշտապես բացահայտ կամ քողարկված աջակցել ու ֆինանսական օգնություն է ցույց տվել Միացյալ Նահանգներում Անկարայի նախաձեռնություններին:
Վերջին տարիներին նրա անունը անընդհատ շոշափվում է ԱՄՆ-ում լոբբինգ իրականացնող «Թուրք-ամերիկյան միությունների ասամբլեայի» կազմակերպած միջոցառումներում: Նույնիսկ հակահայկական ելույթներ է ունենում: Ընդ որում ՝ դրանք փորձում է ներկայացնել Coca Cola-ի շղարշի ներքո, ոչ թե որպես անձնական կարծիք:
Եթե մի պահ հայացք նետենք նրա կենսագրությանը, ապա ինքներս մեզ հարց կտանք՝ մի՞թե մենք սպառում ենք Coca Cola, լումա ներդնում Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությանը, մի՞թե նպաստում ենք թուրքական լոբբինգի հաղթանակին:
Փաստ է, որ որպես ԱՄՆ թուրքական համայնքի անվանի գործիչ՝ հենց նա է հանդես գալիս ամենուր: Շատերը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Բարաք Օբամայի որդեգրած խուսափողական քաղաքականությունը կապում են նաև Քենթի անձի ու այս խնդրում նրա ներդրած մեծ ջանքերի հետ։
2012 թվականին ԱՄՆ թուրքական և ադրբեջանական կազմակերպությունները բոյկոտի արշավ սկսեցին ամերիկահայ հաջողակ գործարարների, բիզնես-ղեկավարների դեմ: Հայ համայնքը պատասխան քայլեր սկսեց Մուհթար Քենթի դեմ, բողոքի նամակներ ուղարկվեցին «Կոկա-կոլայի» գլխավոր գրասենյակ:
2013-ին ամերիկահայերը դիմեցին «Կոկա-կոլային» և Citigroup ընկերությանը՝ կոչ անելով խզել բոլոր կապերն ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ժխտողականությամբ զբաղվող կազմակերպությունների հետ: Ուշադրության կենտրոնում «Թուրք-ամերիկյան միությունների ասամբլեան» էր, որի հետ Մուհթար Քենթը սերտ կապերի մեջ է:
2014 թվականին հրապարակվեցին այն հայտնի թուրքերի անունները, որոնք մասնակցելու էին 2015 թվականի ապրիլին ԱՄՆ տարբեր նահանգներում անցկացվելիք հակահայկական համաժողովներին: Կրկին Մուհթար Քենթի անունն ընդգրկել են որպես համաժողովների գլխավոր դեմքերից մեկի:
Իզուր չէ, որ հայ հանրության շրջանում ընդդեմ Coca Cola-ի պարբերբար ինքնաբուխ ակցիաներ են լինում՝ շոշափելով դրա սպառման վտանգների հարցը: Ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրերին ընդդեմ այդ ընկերության հայ օգտատերերն առավել ակտիվացան ՝ հորդորելով հրաժարվել ըմպելիքից և Թուրքիայի ժխտողական քաղաքականության ջրաղացին ջուր չլցնել, քանի որ Քենթի գումարներով կեղծվում են 1915-ի փաստերը, հրատարակվում հակահայկական գրքեր, հոդվածներ, նույնիսկ աշխատություններ, պատրաստվում են նաև ֆիլմեր:






































