Ավելի քան երկու ամիս Կուբայում օնկոլոգիական հիվանդության դեմ պայքարելուց հետո անցած գիշեր Կարակաս վերադարձած Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի երդմնակալության ժամկետի տեղափոխության հնարավոր ամսաթիվը դեռևս որոշված չէ: Այս մասին հայտնել է հարավամերիկյանայս երկրի կապի և տեղեկատվության նախարար Էռնեստո Վիլեգասը,- փոխանցում է RIA Novosti-ն:
Նրա խոսքերով՝ հիմա ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչպես նախագահը կհաղթահարի առողջական խնդիրները, իսկ ներկայումս իրենք զբաղված են նրա վերադարձի առնչությամբ տոնակատարություններով՝ զգալու և գնահատելու դա որպես փոքր, սակայն մեծ հաղթանակ:
Հիշեցնենք, որ Չավեսը 4-րդ անգամ վիրահատության էր ենթարկվել Հավանայում, անցած տարվա դեկտեմբերի սկզբին:
Վիլեգասը հաստատել է, որ Չավեսի վիճակը նախկինի պես ծանր է մնում, սակայն նա բավարար ֆիզիկական և բարոյական ուժ ունի հիվանդության հետևանքները հաղթահարելու համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն, Չավեսը տեղափոխվել է Կարակասի զինվորական հիվանդանոց, որտեղ էլ կշարունակի բուժումը:









































