Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/08 ընտրատեղամասում տեղի ունեցավ լուրջ վիճաբանություն: Իր սահմանադրական իրավունքն իրացնելիս ընտրողների ցուցակներում Օհանովի 14/20 շենքի բնակչուհի Անահիտ Գեղամյանը հանկարծակի սկսեց բղավել ընտրատեղամասային հանձնաժողովի տեղակալի և անդամների վրա. «Հերի՛ք է, բնակարանիս վրա գրանցված է 3 մարդ, սակայն ցուցակներում 7 մարդ ավելի է կա, ես նրանց չեմ ճանաչում, պահանջում եմ հանել նրանց ցուցակներից»:
Նա շարունակում էր դժգոհել՝ ի՞նչ ազատ ու արդար ընտրությունների մասին է խոսքը, երբ 8-ին իմ բնակարանի վրա գրանցված 7 անձինք արդեն քվեարկած կլինեն:
Ընտրատեղամասի հանձնաժողովի ղեկավարը բարկացավ և բավական կոպիտ տոնով փորձեց կնոջը դուրս բերել ընտրատեղամասից՝ հորդորելով հարցը պարզել պատկան մարմիններից: Նրա խոսքով՝ իրենց տրամադրվել են արդեն պատրաստի ցուցակները, և եթե կա սխալ, ապա այն իրենց իրավասություններից դուրս է: Երկար բանակցություններից հետո բնակչուհուն հնարավոր եղավ դուրս բերել ընտրատեղամասից, որտեղ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձինք նրան ջանասիրաբար համոզեցին, որ այդ անձանց փոխարեն քվեարկող չի լինի:
Նշենք նաև, որ տիկնոջ բարձր բղավոցներից ընտրատեղամասի մոտ էին հավաքվել հարևանությամբ գտնվող Սերժ Սարգսյանի շտաբի անդամները, որոնք վիճաբանեցին տիկնոջ հետ, ով նրանց ասաց. «Առավոտից պահակություն եք անում, ինչի համար՝ չեմ հասկանում»:









































