Կոտայքի մարզի Առինջ գյուղում, որն ինչպես հայտնի է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թագավորությունն է կա երեք ընտրատեղամաս՝ Գագիկ Ծառուկյանի մոր անունով մանկապարտեզը`28/28, հոր անունով դպրոցը`28/26 և մի մարզասրահ`28/27: Չնայած այն հանգամանքին, որ հանձնաժողովի բոլոր անդամները մեզ հետ զրույցում գովաբանում էին ԲՀԿ առաջնորդին՝ թե ինչ լավ բաներ է նա գյուղի համար անում, այդուհանդերձ չթաքցրեցին նաև գործող նախագահ Սերժ Սարգսյանին սատարելու հանգամանքը: Նշենք նաև, որ բոլոր երեք տեղամասերում ընտրողների մեծ ակտիվություն է նկատվում:
Չնայած այն հանգամանքին, որ Ծառուկյանը որոշում էր կայացրել չառաջադրվել և ոչ ոքի չսատարել, ժողովուրդը կարծես թե կողմնորոշված գալիս է ընտրությունների, ավելին՝ տեղամասերի մոտ նկատվում են կուտակումներ:
Մի տատիկ էլ բոլորովին անհայտ պատճառներով էր եկել ընտրատեղամաս, չգիտեր ում քվեարկեր, իսկ վերջում՝ երբ նրան օգնող տրամադերցին, քվեարկեց, մեզ հետ զրույցում էլ ասաց՝ Աննան ում ասել ա նրան էլ քվեարկել եմ:
Նշենք, որ օրինակ 28/27 ընտրատեղամասում ժամը 14.00-ի դրությամբ քվեարկել էր տվյալ ընտրատեղասում գրանցված ընտրողների կեսից ավելին:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի պաշտոնին հավականում է 7 թեկնածու. ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Ազգայիn ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ռադիո հայ» ընկերության խորհրդի նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը, և էպոսագետ Վարդան Սեդրակյանը:
Այս ընտրությունները Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում 6-րդ նախագահական ընտրություններ են: 1991 թվականին (Լևոն Տեր-Պետրոսյան), 1996 թվականին (Լևոն Տեր-Պետրոսյան), 1998 թվականին (Ռոբերտ Քոչարյան), 2003 թվական (Ռոբերտ Քոչարյան), 2008 թվական (Սերժ Սարգսյան):









































