ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով արդեն կան երկու ձերբակալված անձինք, ովքեր ինքնախոստովանական ցուցմունքներ են տվել։ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի այն հարցին, թե ինչո՞ւ նախաքննական մարմինը չի ասում, թե ովքեր են պատվիրատուները, Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը պատասխանել է.
– Նախաքննությունը կատարում է Ազգային անվտանգության նախաքննչական ծառայությունը։ Քննության ավարտից հետո ամեն ինչ պարզ կդառնա։ Մենք ոչ մի բան ասել չենք կարող։
– Ոստիկանության տվյալներով, պատվիրատուներ կա՞ն։
– Ոստիկանությունը լրացուցիչ որևէ բան չունի, մենք համագործակցում ենք Ազգային անվտանգության հետ, սակայն այս դրությամբ իրավունք չունենք ուրևէ բան ասել։
– Որքանո՞վ հավանական է, որ մեկ այլ թեկնածուի տանը վերանորոգման աշխատանքներ կատարող անձինք կարող են ներգրավված լինել մեկ այլ թեկնածուի դեմ մահափորձի մեջ։
– Քննության շահերից ելնելով՝ չեմ փորձի ասել, ես իմ անձնական կարծիքը կարող եմ ասել, որ սխալմունք լինել չի կարող, և քննությունը ճիշտ ուղու վրա է։
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































