Հաջորդ օրացուցային տարում, որը սկսվում է մարտի 21-ին, Իրանում ամենամյա հարկային եկամուտները կարող են ավելանալ 50 տրիլիոն ռիալով (շուրջ 4 միլիարդ դոլար): Այս մասին հայտնել է իրանցի պատգամավոր Իրաժ Նադիմին՝ փոխանցում է Fars գործակալությունը:
Նրա խոսքով՝ խորհրդարանում ձևավորվել են պրոֆիլային հանձնաժողովներ՝ հարկահավաքության ոլորտում ազգային օրենսդրությունը փոփոխելու համար:
Իրանի պետական հարկային կազմակերպության ղեկավար Ալի Ասքարին փետրվարի 5-ին հայտարարել էր, որ երկրում ֆիզիկական անձինք, որոնց եկամուտները չեն գերազանցում տարեկան 5800 դոլարը, ազատվում են եկամտահարկից:
Ընթացիկ իրանական օրացուցային տարվա (սկսվել է 2012-ի մարտի 20-ից) առաջին 10 ամիսներին ստացվել է 240.13 տրիլիոն ռիալ (19.5 մլրդ դոլար) եկամտահարկ՝ հավելել է Ասքարին: Նա նշել է, որ դա 17 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Ասքարին օգոստոսի 10-ին հայտարարել էր, որ այս տարի Իրանի բյուջեն եկամտահարկերից կհամալրվի 27.7 մլրդ դոլարով:











































