Չնայած ՀՀ նախագահ և նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն ու նրա շտաբը քարոզարշավի ընթացքում պարբերաբար հայտարարում էին, թե այս ընտրությունները Հայաստանի պատմության մեջ լինելու են աննախադեպ ազատ, թափանցիկ, մինչդեռ երեկվա ու այսօրվա լրահոսից պարզ է դառնում, որ Սերժ Սարգսյանի համար աշխատող թիմը դիմել է «հին մեթոդներին»՝ բաժանելով ընտրակաշառք, մարդկանց տեղամաս տանելով երթուղայիններով և ցուցակագրելով:
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովին հարց ուղղեցինք՝ ի՞նչ է պատրաստվում անել ՀՀԿ-ն համատարած խախտումների և ընտրակաշառքի ահազանգերի առթիվ, քանի որ մինչ այդ հայտարարում էր, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նորմալ, մաքուր ընտրություններ են անցկացվելու, և սա նշանակո՞ւմ է, որ, այնուամենայնիվ, ՀՀԿ-ն չդիմացավ ու դիմեց հին մեթոդներին:
Ի պատասխան՝ Շարմազանովն ասաց. «Ես չեմ կիսում ձեր կարծիքը, որովհետեւ համատարած բառը իրականությունից շառ հեռու է: Յուրաքանչյուր ահազանգին ոստիկանության, դատախազության օպերատիվ շտաբը շատ հստակորեն արձագանքում է: Եվ բոլոր հայտարարությունները, որոնք փաստերից զուրկ են, ես համարում եմ իրականությունից հեռու: Եթե չկա անուն-ազգանուն՝ ուրեմն չկա որևէ բան: Երբեք չեմ բացառել, որ հնարավոր է լինեն 1-2-3 դեպք, որտեղ լինեն նաև արջի ծառայություն, սադրիչ գործողություն: Համատարած ընտրախախտումների մասին խոսելը ընդամենը ոմանց ցանկությունն է: Փայլուն ընտրություն է գնում»:
Նշենք, որ ՀՀԿ խոսնակն այս պահին Ալավերդիում է:









































