Երևանի 4/25 ընտրատեղամասում ընտրությունները սկսվել են ըստ կարգի՝ ժամը 8:00-ին: Ընտրատեղամասի նախագահ Նորիկ Հակոբյանն «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ ամեն ինչ նորմալ է եղել, խորհրդարանական ընտրությունների ժամանակ գրանցված թանաքի անհետացման խնդիրն այս անգամ առայժմ չի եղել:
Ընտրատեղամսում միակ վստահված անձը «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչն էր: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ խախտումներ դեռ չեն եղել, ընտրողների մասնակցությունն է պասիվ, սակայն հույս հայտնեց, որ օրվա ընթացքում կակտիվանան:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի պաշտոնին հավականում է 7 թեկնածու. «Ազատություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ռադիո հայ» ընկերության խորհրդի նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը և էպոսագետ Վարդան Սեդրակյանը:
Այս ընտրությունները Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում 6-րդ նախագահական ընտրություններ են: 1991 թվականին (Լևոն Տեր-Պետրոսյան), 1996 թվականին (Լևոն Տեր-Պետրոսյան), 1998 թվականին (Ռոբերտ Քոչարյան), 2003 թվական (Ռոբերտ Քոչարյան), 2008 թվական (Սերժ Սարգսյան):











































