2004թ. ապրիլի 12-ի` լույս 13-ի գիշերվա իրադարձությունները գնահատելը երևի թե ավելի հեշտ է նրանց համար, ովքեր այդ գիշերը ներկա չեն եղել Բաղրամյան պողոտայում: Նրանց համար, ովքեր եղել են այնտեղ, դժվար է ընդհանրացումներ անելը, որովհետև այդպես վարվելու համար պետք է մի պահ վերացարկվել, զսպել հույզերը: Այլապես, այդ իրադարձությունները գնահատելու փորձ անելիս աչքիդ առաջ են գալիս պատկերներ, կոնկրետ պատկերներ, որոնք թույլ չեն տալիս տեղի ունեցածը գնահատել կողքի հայացքով:
Իսկ այդ հնարավոր պատկերներից ամենապատկերավորը, թերևս, Բաղրամյան պողոտան ի վար չորեքթաթ շարժվող 60-ամյա քաղաքացին էր, որը, չգիտես ինչպես, հայտնվել էր վահանավոր կոհորտայի թիկունքում: Այդ մարդը, որի հագին գյուղական «տելեգրեյկա» կար, իսկ գլխին` ականջավոր գլխարկ, փորձում էր գոնե մարդավարի փախչել: Բայց նրան առաջ արած չորս-հինգ ոստիկանական հագուստով սափրագլուխներ թույլ չէին տալիս, որ նա կանգնի: Ծառի հաստ ճյուղով նրանք ծերունու գլխին բամփում էին ամեն անգամ, երբ նա կանգնելու փորձ էր անում: Ապա ոտքով խթանում էին նրա «առաջընթացը»:
Համաձայնեք, դժվար է գնահատական տալ այս տեսարանին: Այնուամենայնիվ, այդ գիշերվա իրադարձությունները կարող էին նաև այլ կերպ ընթանալ, եթե մարդկանց Բաղրամյան պողոտա տարած գործիչները, որոնց ելույթներից պետք էր կռահել, որ նրանք գիտեն, որ իրենց դեմ կանգնած իշխանությունները պատրաստ են ցանկացած ստորության, ահա այդ գործիչները պատրաստ լինեին իրադարձությունների զարգացման այդ սցենարին: Բայց, թերևս, այն պատճառով, որ Ռուսաստանից նրանց երաշխավորել էին, որ մի գիշեր Բաղրամյան պողոտան փակելով` իշխանության եք գալիս, մերոնք չէին մտածել, որ Քոչարյանը շարժվելու է «այսօր շուտ է, վաղը ուշ կլինի» տրամաբանությամբ և հարված հասցրեց երկու օրերի սահմանագծին, երբ Մոսկվայում բոլորը հանգիստ քնած էին, կամ էլ երևի` խմած-քնած: Իսկ Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարները մեկ բանի էին սպասում` հրամանի, որ այդպես էլ չհնչեց, որովհետև չկար որևէ մեկը, որ կարողանար իր վրա վերցնել ազատության համար պայքարի ելածների հնարավոր գործողությունների պատասխանատվությունը: Եվ ստացվում է, որ այս «մարտում» հաղթեց նա, ով առաջինը հրաման տալու վճռականություն ունեցավ:
Իսկ իրադարձությունների նման զարգացման պատճառը, թերևս, այն էր, որ փշալարերի հակառակ կողմում գտնվողները թշնամու դեմ մեծաթիվ զորքեր հանելու մեծ փորձ ունեին, ինչը չէր կարելի ասել փշալարերից այսկողմ գտնվողների համար: Եվ «թշնամին» պարտվեց անհավասար մարտում:








































