«Օրենքով գող» Դեդ Հասանի սպանությունից հետո երկու հանցավոր խմբավորումների՝ ռուսական և վրացական կլանի ներկայացուցիչները չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ: Վրացի Տարիել Օնիանիի և Դեդ Հասանի կլանները անընդհատ հակամարտության մեջ են: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քրեագետ Սերգեյ Գալոյանը, 2011-ից մինչ այժմ սպանվել է 126 մարդ, իսկ վերջին մեկ ամսում՝ 17. «Սպանությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ հարցը չի լուծվել»:
Փետրվարի 12-13-ին հանգուցյալ Դեդ Հասանի կլանն անցկացրեց վերջին տարիների ամենամեծ հավաքը, որը տեղի ունեցավ Արաբական Էմիրություններում: Սրանով Ուսոյանի կլանը ուզում է ցույց տալ, որ ինքը դեռևս հզոր ուժ է: Սերգեյ Գալոյանը փոխանցեց, որ դեռևս փետրվարի 11-ին Մոսկվայի մետրոյի հարևանությամբ գործող Սուխարևսկայա տուրիստական գործակալությունից Էմիրաթներ մեկնելու 100 տոմս է վաճառվել, տոմսերի վաճառքը հնարավոր չի եղել կանխել, քանի որ փաստեր չեն եղել: Եվս 200 հոգի Էմիրաթներ է մեկնել այլ ճանապարհներով: Росбалт-ի ոստիկանական աղբյուրը անցկացրած հետաքննության արդյունքում պարզել է, որ բոլոր տոմսերը գնվել են՝ Էմիրաթներ մեկնելու և հավաքին մասնակցելու համար:
Քրեագետի փոխանցմամբ՝պատերազմը երկու կլանների միջև շարունակվում է նորմալ ձևով, որի ապացույցն է հավաքը. «Հիմա քրեական աշխարհում արտակարգ իրավիճակ է, չեն բացառվում նման այլ հավաքներ ևս»:
Երկու կլանների միջև հակամարտության հիմքերը բավականին խորն են: Երբ Դեդ Հասանը 1960-ականներին կնքվեց առաջնորդ, մինչև 1990-ականները քրեական աշխարհում մեծ ազդեցություն չուներ: Դեդ Հասանին զգուշավորությամբ էին մոտենում, քանի որ նա սկզբնական շրջանում օրինական գործունեություն էր տանում, ուզում էր իր ուժերը փորձել տնտեսության ոլորտում: Անգամ Դեդ Հասանին «գահընկեց» անելու հարց է բարձրացվել, սակայն հարցը փակվեց, երբ 1999-ին Մոսկվայում սպանվեց Հասանի հին թշնամիներից Ռուդոլֆ Օգանովը (Ռուդիկ):
2000-ականներից Ուսոյանի կլանը դարձավ հետխորհրդային երեք ամենահզոր խմբավորումներից մեկը: Մնացած երկու կլանի առաջնորդները անհաջողության են մատնվում, և քրեական աշխարհում Ուսոյանը մնում է միանձնյա առաջնորդ: Միևնույն ժամանակ, զարգանում է վրացի օրենքով գողերի կլանը, որը Ուսոյանին դուր չէր գալիս: Ուսոյանի շնորհիվ վրացական մաֆիան չէր կարողանում գործել Ռուսաստանում: Սակայն վրացական կլանի, հատկապես Տարիել Օնիանիի հանցագործությունները և կազմակերպած զանգվածային սպանությունները երկու կլանների միջև պատերազմի առիթ են դառնում: Պատճառներից մեկը մաֆիայում սեփական հեղինակությունը բարձրացնելն էր, սակայն ինչպես հայտում են Ուսոյանի «գործընկերները», կան նաև այլ խնդիրներ:
Այժմ՝ Ուսոյանի մահից հետո, հարաբերությունները առավել սրված են, և երկու կլանների ներկայացուցիչները փորձում են լուծել հարցը:









































