Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում հայ է վիրավորվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը` ավելացնելով, որ դիպուկահարի արձակած փամփուշտից վնասվել է մեր հայրենակցի ձեռքը: Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ: Ռեյիսյանի խոսքով` վիրավորված հային արդեն վիրահատել են:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ փետրվարի 14-ին Հալեպի ծայրամասերից մեկում իր աշխատավայրի ճանապարհին առևանգվել է հայազգի Գևորգ Կարագուլյանը: Տեղեկություններ կան նաև այն մասին, որ Գևորգ Կարագուլյանը միայնակ չի եղել: Նրա հետ եղել են նաև նրա եղբայրը և երկու գործընկերները, ովքեր չեն առևանգվել: Առևանգողները Գևորգ Կարագուլյանին ազատ արձակելու համար փրկագին են պահանջում:
ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շուրջ 23 ամիս շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է ավելի քան 70 հազարի, այդ թվում զոհված հայերի թիվը գերազանցում է չորս տասնյակը:








































