Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ, Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) Էդիռնեի երկրորդ ընտրատարածքում առաջադրել է նախորդ տարվա աշնանն իր հայկական արկածներով աչքի ընկած «Հզոր Թուրքիա» կուսակցության արդեն նախկին նախագահ Թունա Բեքլևիչի թեկնածությունը:
Վերջինս այդ կապակցությամբ նշել է, որ ԱԶԿ-ի պատգամավորական թեկնածուների ընտրացուցակում ընդգրկվել են բավական ազդեցիկ անձինք` ընդգծելով, որ դրանում միահյուսվել են փորձառությունն ու երիտասարդությունը:
Հիշեցնենք, որ 2007 թվականի հուլիսի 22-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ոչինչ չարժեցող «Հզոր Թուրքիա» կուսակցության տվյալ ժամանակվա նախագահ Թունա Բեքլևիչն Էդիռնեում առաջադրվել էր որպես անկախ թեկնածու, սակայն կատարյալ խայտառակ արդյունք էր ունեցել:
Թուրքական խորհրդարան մուտք գործելու համար նա պետք է հավաքեր 243.044 քվե, սակայն փոխարենը հավաքել էր ընդամենը 643 քվե (0.26 տոկոս):
Այս անգամ Բեքլևիչը չի ցանկացել ևս մեկ անգամ խայտառակվել` հանդես գալով որպես անկախ թեկնածու, դրա համար էլ ընտրել է իշխող ԱԶԿ-ն: Վերջինս էլ նրան այդօրինակ ձևով պարգևատրել է նախորդ տարվա աշնանն ունեցած հայկական արկածների համար:











































