«Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ, Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին խոստացել է վերանայել սահմանադրությունը: Այս մասին նա հայտարարել է կուսակցության նիստի ժամանակ:
«Ներկայիս սահմանադրությունը չլսված նորմեր է պարունակում. նախագահը իրավունք ունի կառավարություն նշանակել առանց խորհրդարանի և ժողովրդի կարծիքը հաշվի առնելու: Ոչ մի ժողովրդավարական երկրում այդպիսի նախագահ չկա, որը կարող է միանձնյա կառավարություն նշանակել և դրանով իսկ ժողովրդից գողանալ իշխանությունը:
9 տարի մեզ ստիպել են ապրել մի երկրում, որտեղ սահմանադրությամբ ամրագրված է բռնակալությունը: Այդ պատճառով էլ անհրաժեշտ են սահմանադրական բարեփոխումներ, որպեսզի վերականգնվի ժողովրդի օրինական իշխանությունը: Այդ բարեփոխումների անհրաժեշտությունը լավ հասկանում են նաև խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչները: Նրանք իրենք են առաջարկել անմիջապես գործի անցնել, որպեսզի որոշ բարեփոխումներ ուժի մեջ մտնեն արդեն հոկտեմբերին:
Ես ողջունում եմ բոլոր խելացի կարծիքները, բոլոր այն քայլերը, որոնք ուղղված են պետության շահերին, և հավատում եմ, որ դրանից միայն կշահեն մեր ժողովուրդն ու պետությունը»,-հայտարարել է Իվանիշվիլին:









































