2013-ի հունվար ամսին Եգիպտոսի բյուջե է վերադարձվել ավելի քան 175 միլիոն դոլար, որը նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի նախագահության օրոք անօրինական կերպով յուրացվել էր պաշտոնյաների և գործարարների կողմից: Այս մասին շաբաթ օրը լրագրողներին հայտարարել է եգիպտական դատախազության ֆինանսական խարդախությունների վարչության ղեկավար Մուստաֆա Ալ-Հուսեյնին:
Դրանից բացի, նրա խոսքով, պետական սեփականությանն են փոխանցվել «երկրի տարբեր շրջաններում հարյուր հազարավոր քառակուսի մետր հողատարածքներ, մասնավորապես՝ զբոսաշրջության կենտրոններում և եգիպտական քաղաքների նշանավոր թաղամասերում»: Այդ գործարքների պատճառով պետությանը հասցված վնասը անցնում է միլիարդավոր դոլարներից:
2013-ի կեսերին եգիպտական դատախազությունը համաձայնել էր պետությանը նյութական վնասների փոխհատուցման դիմաց դադարեցնել նախկին նախագահի մերձավոր գործարարների և պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդումը:
Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ փակել Մուբարաքի մերձավորների նկատմամբ քրեական գործերը համաձայն է միայն այն դեպքում, եթե «նրանց ձեռքերը չեն թաթախվել եգիպտացի խաղաղ ցուցարարների արյամբ, ովքեր գնդակահարվել էին 2011-ին՝ երկրում հեղափոխական իրադարձությունների ժամանակ»:
Միայն Մուբարաքը երկրի գանձարանին պետք է վերադարձնի 3,3 միլիոն դոլար:









































