Համատեղ զինավարժությունների անցկացման մասին հարցերը Անկարայում շաբաթ օրը համաձայնեցվել են Վրաստանի ՊՆ նախարար Իրակլի Ալասանիայի և Թուրքիայի բանակի գեներալ, օդային ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Նաջեթ Օզելի միջև: Այս մասին տեղեկացրել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:
Հանդիպման գլխավոր թեման երկու հարևան երկրների ռազմավարական գործընկերության հարցերն են եղել: Մասնավորապես, խոսվել է ապագա համագործակցության և համատեղ զինավարժությունների անցկացման մասին:
Շաբաթ օրը վրացական պատվիրակությունը հանդիպել է նաև Թուրքիայի ռազմական արդյունաբերության ներկայացուցիչների հետ:
Այցելության շրջանակներում Իրակլի Ալասանիան և պատվիրակության անդամները հանդիպել են Թուրքիայի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավարության հետ:
Հանդիպմանը քննարկվել են ռազմական և ռազմավարական համագործակցությանը վերաբերող հարցեր: Թուրքական կողմը հայտարարել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ջանքերին աջակցելու մասին:







































