Հայկական լրատվամիջոցներում խոսքի ազատությունը ոչ մի բան չփոխեց: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արմեն Դուլյանը՝ պատասխանելով «նախընտրական շրջանում լրատվամիջոցներում խոսքի ազատությունն ինչպե՞ս սպառվեց հասարակության կողմից» հարցին:
Նա նշեց, որ խոսքի ազատությունը ոչ մի բան չփոխեց, ինչն ապացուցում է միայն մեկ բան. «Նրանք, ովքեր տարիներ շարունակ բռի մեջ էին պահում հատկապես էլեկտրոնային լրատվամիջոցները, պարզապես սակավամիտ և ապաշնորհ մարդիկ են»:
Նրա խոսքով՝ այս շրջանում յուրաքանչյուր լրատվամիջոց ներկայացրեց այն, ինչ, իր կարծիքով, կարելի էր ներկայացնել:
«Որոշ բաներ տեսանք ու լսեցինք միայն համացանցում: Եվ սա ապացուցում է, որ «կարելի»-ի սահմանը, որը տարիներ շարունակ դրվել է իմ նշած սակավամիտ ու ապաշնորհ մարդկանց կողմից, մինչև հիմա իրեն զգալ է տալիս»,- եզրափակեց իր խոսքը Արմեն Դուլյանը։








































