Շիաները թափանցիկ դագաղով Իրաքի կառավարությանն են փոխանցել Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի ենթադրյալ տեղակալի մարմինը: Այս մասին գրում է The Washington Post-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իզզաթ Իբրահիմ ադ-Դուրին սպանվել է երկրի հյուսիսում զինվորականների հատուկ գործողության ժամանակ: Հաղորդվում էր նաև, որ Իրաքի «Բաաս» քաղաքական կուսակցության ներկայացուցիչը հերքել է ադ-Դուրիի մահվան լուրը:
Ադ-Դուրին Հուսեյնի կառավարման ժամանակ եղել է Իրաքի Հեղափոխական հրամանատարության խորհրդի նախագահի տեղակալը և որոշ տեղեկություններով՝ 2003թ. Հուսեյնի տապալումից ոչ շատ առաջ գաղտնի ընդդիմություն է ձևավորել: Համարվում է, որ Հուսեյնի ձերբակալությունից հետո ադ-Դուրին է ղեկավարել իրաքյան հակակառավարական խմբերի գործունեությունը:
Թերթը նշում է, որ Հուսեյնի ենթադրյալ օգնականի մարմինը եղել է թափանցիկ դագաղում, որպեսզի հավաքված մարդիկ և լրագրողները նրան տեսնելու հնարավորություն ունենային: Պարբերականը նշում է, որ չնայած «շեփորազարկերին»՝ ծանրակշիռ հաստատումներ, որ հենց ադ-Դուրին է սպանվել, մինչև հիմա չկան: Թերթը հիշեցնում է, որ նախկինում բազմիցս հաղորդվել է ադ-Դուրիի մահվան մասին:
Բաղդադում ԱՄՆ դեսպանատանը չեն կարողացել հաստատել՝ արդյո՞ք Իրաքի կառավարությունը ԴՆԹ-նմուշներ է խնդրել հանգուցյալի ինքնությունը պարզելու համար, հավելում է պարբերականը:










































