«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը:
– Պարոն Ջաֆարով, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտարկել ցանկացած երկրի անդամակցության հարց՝ լինի դա Իրանը, Չինաստան, Վրաստանը թե Ադրբեջանը: Ադրբեջանի տեսանկյունից կա՞ արդյոք նման հեռանկար: Ինչպե՞ս դա կանդրադառնա տարածաշրջանային անվտանգության վրա։
– Ես անձամբ չեմ կարծում, թե Ադրբեջանը մոտ ապագայում կդառնա ՀԱՊԿ անդամ: Նոնսենս է, որ Հայաստանն ու Ադրբեջանը լինեն նույն կազմակերպության մեջ. մի երկիր, որը դեռ շարունակում է իրականացնել զավթողական քաղաքականություն: Եվ ընդհանրապես, իմ կարծիքով, ՀԱՊԿ-ն ինքնին մոտ ապագայում ոչ մի հեռանկար ունենալ չի կարող: Այն ստեղծվել է Մոսկվայի կողմից՝ իր կոնկրետ նպատակներն իրականացնելու համար։ Ամենասարսափելին գիտե՞ք որն է, որ մեծ փորձ ունեցող ռուս գեներալը խոսում է անիրական բաների մասին: Բորդյուժան ասում է, որ իր ղեկավարած կառույցը պատրաստ է ընդունել ցանկացած երկրի՝ Իրան, Չինաստան, Պակիստան: Անկեղծ եմ ասում՝ կատակերգություն է: Ես դեռ ինչ-որ տեղ կարող եմ հասկանալ, որ Ադրբեջանը, Վրաստանը կամ ուրիշ երկիր ապագայում կարող են հետաքրքրված լինել ՀԱՊԿ-ով կամ այլ կազմակերպություններով: Բայց այնպիսի հզոր երկրներ, ինչպեսիք են Իրանը, Չինաստանը Պակիստանը, ինչի՞ համար պետք է անդամագրվեն ՀԱՊԿ-ին:
Անվստանգության տեսանկյունից ամեն երկիր ունի իր Զինված ուժերը, որոնք ի զորու են ամբողջությամբ ապահովել նրա անվտանգությունը: Ինչո՞ւ պետք է ավելորդ ռեսուրս ծախսեն անհասկանալի նպատակների համար: Այս տարիների ընթացքում ինչո՞վ է իրեն գրավել Բորդյուժայի ղեկավարած կառույցը՝ ոչնչով: Այդ «հարսանեկան գեներալն» ավելի շատ հանգստանում է, քան զբաղվում կառույցի գործունեությամբ, ՀԱՊԿ-ի ուժեղացմամբ: Դուք ինքներդ կհամոզվեք, որ ՀԱՊԿ-ի ներկայիս շատ անդամներ կհրաժարվեն այդ կառույցից: Դրա համար պարզապես մի փոքր ժամանակ է հարկավոր:
– Ի՞նչ եք կարծում՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն ինչքանո՞վ է հիմա կենսունակ: Ադրբեջանական կողմը մեկ անգամ չէ, որ իր դժգոհությունն է հայտնել կառույցի գործունեության նկատմամբ, ընդհուպ նշել, որ Մինսկի խումբն ավելի շատ սառեցնում է հակամարտությունը, քան փորձում դրան լուծում տալ:
– Բոլորին է հայտնի, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը գործնականում ապացուցել է, որ ոչինչ չի կարողանում անել: 20-ից ավել տարի է՝ համանախագահները մեռյալ կետից ոչ մի մետր առաջ չտարան հակամարտությունը: Ես մեկ անգամ չէ, որ հայտարարել եմ, որ հենց այդ «երջանիկ զբոսաշրջիկներն են», որ ընդհանրապես հետաքրքրված չեն հակամարտության կարգավորմամբ: Իմ ասածը վերաբերում է նաև Անջեյ Կասպրշիկին. նրանք բոլորը չեն ոզում կորցնել իրենց եկամտաբեր աշխատատեղերը։ Ինչքան էլ տարօրինակ հնչի ասածս, բայց նրանք հոգու խորքում շատ են ցանկանում, որ մեր երկրները ավելի շատ թշնամանան իրար նկատմամբ և ավելի շատ հեղեղվեն արյունով: Ես հասկանում եմ, որ այս խոսքերը դիվանագետների զայրույթը կհարուցեն, բայց դա է իրական պատկերը. թող հակառակն ապացուցեն: Այդ պատճառով է, որ ադրբեջանական կողմը ոչ մեկ անգամ իր դժգոհությունն է հայտնել այդ կառույցի գործունեության նկատմամբ՝ ասելով, որ հենց Մինսկի խումբն է հակամարտությունը սառեցնում: Մի՞թե դա չեն տեսնում նույն ԵԱՀԿ-ում կամ այլ միջազգային կառույցներում: Նրանք բոլորն էլ շատ լավ հասկանում են և տեսնում, որ և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում բոլոր այն քաղաքացիները, ում զավակները զոհվում են, շատ ագրեսիվ են դառնում, և նրանց պետք է ճիշտ հասկանալ: Եթե Մինսկի խումբը շարունակի այս նույն ոգով, երևի թե շուտով իրենք որոշեն «ցրվել», կամ էլ նրանց կարհարմարհի և՛ Բաքուն, և՛ Երևանը:
Այն, որ նրանք ևս մեծ պատասխանատվություն են կրում հակամարտության չկարգավորման հարցում, դրանում արդեն ոչ ոք չի կասկածում: Այդ մասին խոսում են արդեն ոչ միայն մեր երկու պետություններում, բացի բարձր ամբիոններից՝ տարբեր միջազգային կազմակերպությունների դիվանագետներ, քաղաքագետներ, քաղաքական գործիչներ Մինսկի խմբի անգործության վերաբերյալ իրենց կարծիքն են հայտնում:
– Հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակը պարբերաբար լարվում է: Շատ փորձագետների կարծիքով՝ լայնամասշտաբ պատերազմի վերսկսման հավանականություն այնուամենայնիվ չկա: Կա՞ արդյոք նման հեռնակար:
– Քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հետ կապված հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորված չէ, ոչ ոք չի կարող հարյուր տոկոսանոց երաշխիք տալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի լինի: Պատերազմի վերսկսման հավանակություն եղել է, կա, կլինի, քանի դեռ Հայաստանը շարունակում է օկուպացված պահել տարածքները: Այդ պատճառով էլ ժամանակ առ ժամանակ երկրների միջև ստեղծվում են այնպիսի իրավիճակներ, որոնք երկու երկրների ժողովուրդների մոտ շատ պատճառաբանված անհանգստություն են առաջացնում: Անհանգստություն հատկապես ունեն այն մարդիկ, ովքեր շփման գծին մոտ են ապրում: Այն, որ և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի կողմից կորուստները շարունակվում են, մեծ ողբերգություն է շատ մարդկանց համար։
Դուք ասում եք՝ հայ-ադրբեջանական շփման գծում, եթե օբյեկտիվ լինենք՝ ավելի շատ լարվածություն նկատվում է ոչ թե հարևան պետությունների շփման գծում, այլ այն տարածքներում, որոնք գտնվում են Հայաստանի Զինված ուժերի վերահսկողության տակ, այսինքն՝ օկուպացված տարածքներում: Իմ կարծիքով՝ Հայաստանը որպես մեր հարևան երկիր՝ նախկին ԽՍՀՄ տարածքի՝ նախկինում միջազգայնորեն ճանաչված իր տարածքներից ոչ մի տեղ չի գնա: Նույն բանին էլ փորձելու է հասնել Ադրբեջանը՝ որպես անկախ երկիր փորձելով վերականգնել իր տարածքային ամբողջականությունը: Ես կարծում եմ՝ ինչքան շուտ լինի դա, այնքան ավելի շատ զինվորների կյանք կփրկենք:
– Մայիսին Լեռնային Ղարաբաղում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ: Ի՞նչ եք կարծում՝ այդ ընտրությունների արդյունքները կարո՞ղ են ազդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հետագա ընթացքի վրա: Ի վերջո, ամեն բան որոշվելու է հանրաքվեով:
– Այն, որ հետխորհրդային տարածքի ինքնահռչակ հանրապետություններում ինչ-որ ընտրություններ կամ այլ միջոցառումներ են անցկացվում, անկեղծ ասած, նման է «աբռակադաբռայի»: Իսկ ո՞վ է ճանաչելու այդ ընտրությունների արդյունքները: Ոչ ոք: Նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի համանախագահող պետությունները, Հայաստանը չեն կարող աջակցել այդ «մանկական խաղերին»: Ես հումորի մեծ զգացում ունեմ և հասկանում եմ, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում նման տարածքներում, պաշտոնական Մոսկվայի ձեռքերում է: Բոլորն էլ հասկանում են, որ որպեսզի Մոսկվան թելադրի իր ամբիցիաներն ու պայմանները, Ռուսաստանը ստեղծեց հակամարտություններ Հարավային Կովկասում, Մոլդովայում և Ուկրաինայում: Քանի տարի էինք մենք ասում, որ պաշտոնական Մոսկվան իրեն հետխորհրդային շատ երկրների հանդեպ անկեղծ չի պահում: Միայն Ուկրաինայում տեղի ուենցած իրադարձություններից հետո մեզ սկսեցին հասկանալ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում ամեն դեպքում լինելու է: Ցանկալի է, որ այդ ամենը տեղի ունենա խաղաղ ճանապարհով և ոչ՝ զոհերի գնով: Որքան շուտ դա հասկանան Հայաստանում և Ղարաբաղում, այնքան ավելի լավ։ Բաքուն հասնելու է իր տարածքային ամբողջականությանը, ոչ ոք այդ հարցում թող չկասկածի: Այն մեծ քանակությամբ զենքը, որ Բաքուն ձեռք է բերել, ցուցադրության համար չէ: Վերջին՝ շատ թանկ ժամանակակից զորավարժությունները, նույնիսկ գիշերային պայմաններում անցկացված, ևս մեկ ազդանշան է, որպեսզի խելամիտ և ճիշտ ժամանակին որոշումներ կայացվեն:Ադրբեջանում հասարակությունը հաստատակամորեն պնդում է լուրջ քայլեր ձեռնարկել՝ միջազգայնորեն ճանաչված տարածքները վերականգնելու համար: Եթե գործընթացն այսքան երկարի՝ մենք մեղավոր չենք: Մենք չափազանց շատ սպասեցինք, դա անվերջ չի կարող լինել:










































