Իրանական IRTV հեռուստաալիքը ցուցադրել է սյուժե անօդաչու սարքերի արտադրության մասին, որոնք ամերիկյան ScanEagle-ի պատճենն են: Կադրերից դատելով՝ անօդաչուների մի մասը ամերիկյան համակարգի հստակ պատճեններն են, իսկ մի քանիսն ունեն որոշակի տարբերություններ: Բացի այդ՝ տեսանյութում երևում է երկու տեսակի անօդաչու, որոնցից մեկը արտաքուստ շատ է հիշեցնում ամերիկյան RQ-7 Shadow-ին, հաղորդում է Lenta.ru-ն:
2012թ. դեկտեմբերին Իրանը հայտարարել էր, որ որսացել է ամերիկյան ScanEagle անօդաչու: Ավելի ուշ ԱՄՆ-ի ռազմա-օդային ուժերը հայտարարեցին, որ չեն կորցրել նման համակարգ, որը հետախուզական խնդիրներ է իրականացնում մերձավորարևելյան տարածաշրջանում: Իսկ դեկտեմբերի կեսերին Իրանը հայտարարեց ևս երկու ամերիկյան անօդաչուներ որսալու մասին: Այդ ժամանակ Իրանի ՀՀՊ զորքերի հրամանատար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարեց, որ իրանական ձեռնարկություններն արդեն սկսել են գրավված ամերիկյան անօդաչուների պատճենների արտադրություն:
Զինվորականները ScanEagle անօդաչուներն արձակում են նավերից և դրանք կիրառում են մինչև 100 կմ հեռավորության վրա հետախուզություն անցկացնելու համար:










































