Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի վարույթում է Արմեն Համազասպյանի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 40-ամյա Արմեն Համազասպյանը 2014 թվականի մայիսի 4-ին Երևանի 17-րդ թաղամասի 7-րդ շենքի հարակից տարածքում վիճաբանության ժամանակ բռունցքներով մի քանի անգամ հարվածել է Արա Մաթևոսյանի դեմքին, գլխին, մարմնի այլ մասերին, դիտավորությամբ նրա առողջությանը պատճառել է ծանր վնաս: Հաջորդ օրը Արա Մաթևոսյանը ստացած վնասվածքներից մահացել է:
Արմեն Համազասպյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար, ինչի հետևանքով տուժողը մահացել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:
Համազասպյանի խափանման միջոցը սկզբում եղել է գրավը, այնուհետև որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:
Այս գործը դատական քննության է նշանակվել դեռ 2014 թվականի դեկտեմբերի 15-ին:
Դրանից հետո ևս 6 դատական նիստ է եղել նշանակված, սակայն մինչև օրս դատաքննությունը չի սկսվել:
Ձգձգման հիմնական պատճառը ամբաստանյալի շահերի պաշտպանության հետ է կապված:
Դատարանում ամբաստանյալի շահերի պաշտպանությունը, ըստ սկզբնական տեղեկատվության, պետք է իրականացներ փաստաբան Հայկ Ալումյանը:
Սակայն հետագա նիստերի ընթացքում փաստաբանը դատարանին տեղեկացրել էր, որ ամբաստանյալի հարազատներն իր հետ պայմանագիր չեն կնքել, ինքը չի կարող ստանձնել Համազասպյանի պաշտպանությունը:
Այնուհետև Արմեն Համազասպյանը ցանկություն է հայտնել, որ հանրային պաշտպան ներգրավվի և իրականացնի իր պաշտպանությունը:
Ներգրավվել է հանրային պաշտպան Տ. Գրիգորյանը: Վերջինս ժամանակ է խնդրել դատարանից՝ քրեական գործի նյութերին ծանոթանալու համար: Ժամանակը տրվել է, փաստաբանը գործի նյութերը պատճենահանել է, սակայն այդ ընթացքում նա ազատվել է հանրային պաշտպանի գրասենյակում իր աշխատանքից:
Ներկա նիստին դատարան էր ներկայացել հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Ա. Ալիխանյանը: Նա ներկայացրեց իր նշանակման մասին փաստաթուղթը, նույնպես ժամանակ խնդրեց, որ ծանոթանա քրեական գործի նյութերին:
Բայց դատարանի դահլիճում էր նաև փաստաբան Հայկ Ալումյանը, ով հայտարարեց, որ ամբաստանյալի ազգականները միջոցներ են հայթայթել, իր հետ արդեն պայմանագիր են կնքել, նրանք հրաժարվում են հանրային պաշտպանի ծառայություններից, և ինքն է իրականացնելու Համազասպյանի պաշտպանությունը:
Ա. Ալիխանյանը քրեական գործի նյութերը հանձնեց Հայկ Ալումյանին և հեռացավ դատարանի դահլիճից:
Իսկ փաստաբան Հայկ Ալումյանը ժամանակ խնդրեց, որ ծանոթանա քրեական գործի նյութերին:
Դատարանը ևս մեկ անգամ հետաձգեց դատական նիստը, որպեսզի պաշտպանը ժամանակ ունենա քրեական գործի նյութերին ծանոթանալու համար:
Հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 4-ին:
Դա դեպքի օրն է, դեպքի կատարման ուղիղ մեկ տարին է լրանում այդ օրը, իսկ հաջորդ օրը՝ մայիսի 5-ին, նշվելու է տուժող Արայի մահվան տարելիցը:
Տուժողի իրավահաջորդը՝ Արայի հայրը, ինչպես նաև դահլիճում ներկա հարազատները վրդովվեցին: Նրանք ասում էին. «Բա էսպիսի բա՞ն կլինի, մայիսի 5-ին մեր տղայի մահվան մի տարին ա լրանում, բայց դեռ ոչ մի դատական նիստ չի էղել…»:
Հարազատներն ասացին, որ 33-ամյա տուժողը՝ Արա Մաթևոսյանը դեպքից երկու ամիս առաջ էր ընտանիքով Ռուսաստանից Հայաստան եկել: Նրանց ընտանիքին «դեպորտ» էին արել Ռուսաստանից:
Արան իր ծնողների միակ որդին էր: Ինքն էլ երկու որդիների հայր էր՝ 10 և 6 տարեկան:
Ամբաստանյալ Արմեն Համազասպյանը տուժողների նախկին հարևանն է եղել, նա ճանաչել է Արային, նրա հետ աղուհաց է կերել:
Դեպքը, ըստ տուժողի հարազատների, տեղի է ունեցել մեքենայից ինչ-որ ֆլեշկայի կորչելու պատճառով:
Տուժողի իրավահաջորդը՝ Արայի հայրիկը, մեր զրույցի ժամանակ պնդում էր, թե իր որդուն «խմբակային» են հարվածներ հասցրել, բայց «վիզ է առել» Արմեն Համազասպյանը:
Տուժողի իրավահաջորդն ասաց. «Տեսնողներ են էղել, որ խմբով են հարվածներ հասցրել… Ուզեցել են կոտրեն իմ տղուն… Իմ տղեն էնքան բարի ու կամեցող էր, վերջին շապիկը, վերջին կոպեկն էլ ուզեին, կտար…»:
Դեպքից հետո տուժող Արան տուն է գնացել: Կինն ասում է, որ Արան վնասվածքներ ստացել էր, բայց իրենց մտքով չի անցել, որ վնասվածքները մահացու կլինեն: Արան կնոջը պատմել է, որ կռիվ է եղել: Անուններ չի տվել, ըստ կնոջ, բայց ասել է. «Մի քանի հոգու էլ ես եմ լխկել…»:
Տուժողը պառկել է քնելու, մտածել է, թե կքնի, կարթնանա, հարվածների տեղերը էլ չեն ցավի…
Սակայն նա քնի մեջ մահացել է ներքին արյունահոսությունից… Շտապօգնության բժիշկն արձանագրել է Արա Մաթևոսյանի մահը…
Տեղի կունենա՞ դատական հաջորդ նիստը դեպքի տարելիցի օրը՝ մայիսի 4-ին:









































