Հայաստանում աշխատանք փնտրող սիրիահայերի կեսից ավելին արդեն զբաղված է տարբեր ոլորտներում: Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեց «Օգնիր եղբորդ» ծրագրի ներկայացուցիչ Խաչիկ Ջորիկյանը, նրանց մեծ մասն աշխատանք է գտել սպասարկման ծառայություններում՝ ավտովերանորոգում, ռեստորանային բիզնես և այլն, կան նաև մեծ թվով ոսկերիչներ, որոնցից շատերը աշխատանքի են տեղավորվել ընկերություններում, իսկ մի մասն էլ սեփական գործն է սկսել: Նա նշեց, որ աշխատանք կարողանում են գտնել հատկապես երիտասարդները, իսկ տարեցների խնդիրը բարդ է:
«Հուսանք, որ կարդարացնի գործի քանակը, և նրանք հաջողությամբ կշարունակեն»,- ասաց Խ. Ջորիկյանը:
Փոքր ու միջին ձեռնարկություններ հիմնելու համար շուրջ 20 սիրիահայեր արդեն արտոնյալ վարկեր են ստացել «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամից: Ըստ Ջորիկյանի՝ այլ գործարարներ ուսումնասիրում են ՀՀ հարկային օրենսդրությունը և ծրագիր են մշակում՝ վարկեր ստանալու համար: ՓՄՁ ԶԱԿ-ը սիրիահայերին մինչև 5 մլն դրամ վարկեր տրամադրում է 4-5 % տոկոսադրույքով: Ջորիկյանի տվյալներով՝ ՓՄՁ ԶԱԿ դիմողները չեն մերժվել:
Նա հավաստիացրեց, որ վարչարարության հետ կապված խնդիրներ չեն եղել, հակառակը՝ ՀՀ չինովնիկները սիրիահայերին ամեն ինչով աջակցել են:








































