ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ադրբեջանցի նմանակ Ասիֆ Մուսթաֆաևից Հայոց ցեղասպանությունը ժխտող 50 մետրանոց նամակ է ստանալու։ Այս մասին հայտնում է թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը։
Մուսթաֆաևը Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներով 167 էջանոց նամակը ԱՄՆ նախագահին կուղարկի ապրիլի 26-ին։
«Հայերը Թուրքիային անհիմն մեղադրանքներ են ներկայացնում, այսպես կոչված, Հայոց ցեղասպանության հարցում՝ ստի վրա հիմնված փաստերով։ Այս նամակը գրելու համար 3 ամիս ուսումնասիրություններ եմ կատարել և 25 օր եմ ծախսել այն գրելու վրա։ Նամակում ընդգկված են պատմաբանների ուսումնասիրություններ», – գրել է ադրբեջանցին։
Մուսթաֆաևը հայտարարել է, որ Օբամայից հետո պատրաստվում է նամակ ուղարկել նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, որը ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում սրբազան պատարագ էր մատուցել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:










































