Ամերիկացի սենատոր Թեդ Քրուզը (հանրապետական, Տեխաս նահանգից), ով պատրաստվում է 2016-ի ընտրություններում պայքարել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը նշանավորել է ապրիլի 18-ին արած հայտարարությամբ, որում կոչ է արել պատշաճ կերպով ճանաչել հայերի, ասորիների և այլ քրիստոնյա ժողովուրդների կոտորածը որպես ցեղասպանություն։ Այս մասին հայտնում է Armenian Weekly-ն՝ հղում անելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին։
Քրուզի հայտարարությունը, որը հասցեագրված է եղել Օսթինի հայկական եկեղեցուն, ընթերցվել է Տեխասի կապիտոլիումի մոտ՝ Օսթինի խաղաղության երթի ու հավաքի ժամանակ՝ արարողություն, որին մասնակցել են հազարավոր մարդիկ, և որը կազմակերպվել էր Ցեղասպանության 100-րդ տարելիցի տեխասյան կոմիտեի կողմից։
«Ցավոք սրտի, այսօր շատերը դեռևս չգիտեն 20-րդ դարի այս վայրագության մասին,- ասվում է հայտարարության մեջ։-Եթե մենք մոռանանք պատմության տարեգրությունները, չենք հարգի նրանց, ովքեր տառապել են Հոլոքոստի, Խորհրդային Միության, Կամբոջայի և այլ մահվան ճամբարներում։ Դա ողբերգություն է, որը կարող ենք և պետք է կանխենք»։








































