ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն ու որևէ խմբակցությունում չընդգրկված Էդմոն Մարուքյանը շրջանառության մեջ են դրել Ազգային ժողովի որոշման նախագիծ, որով խորհրդարանին առաջարկում են գազային հանձնաժողովի եզրակացության մեջ առկա առաջարկությունների կատարման մոնիտորինգ իրականացնել և այդ լիազորությունները վերապահել ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովին:
Հեղինակներն ակնկալում են, որ կառավարությունն ու հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ինչ-որ քայլեր կձեռնարկեն գազային հանձնաժողովի եզրակացության մեջ առկա առաջարկությունների, ինչպես նաև այդ եզրակացության քննարկման ժամանակ պատգամավորների կողմից հնչած դիտողությունների ու առաջարկությունների, ինչպես նաև նրանց կողմից ներկայացված հատուկ կարծիքներում առկա դիտարկումների ուղղությամբ: Ընդ որում, ըստ այդ նախագծի` այդ մշտադիտարկումը պետք է իրականացվի մինչև այս գումարման Ազգային ժողովի ավարտը, այսինքն` մինչև 2017 թվականի գարունը: Եվ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովը յուրաքանչյուր նստաշրջանում պետք է խորհրդարանին ներկայացնի կատարած աշխատանքներն ու տեղի ունեցած փոփոխությունները: «Մեր գլխավոր նպատակն է լուծել հետևյալ երեք խնդիրները՝ էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացում, գազամատակարարման համակարգի գործունեության արդյունավետության բարձրացում, սպառողների շահերի պաշտպանություն: Ինչպես նաև՝ օրենսդրական ու ենթաօրենսդրական ակտերում պետք է կատարվեն անհրաժեշտ փոփոխություններ»,- ասում է հեղինակներից ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը:
Բայց անկախ այն հանգամանքից, թե հեղինակներն ինչ նպատակ են հետապնդում, դա գործունեության, ինչպես նաև հնարավորությունների լայն դաշտ է բացում ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի ու հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի համար: Գազային հանձնաժողովի քննարկումների ժամանակ վերջինս հաճախ ընդդիմանում էր ոչ իշխանական պատգամավորների հնչեցրած դիտողություններին: Ավելին` նրա գլխավորությամբ այդ հանձնաժողովի եզրակացության մեջ օրինական և տնտեսապես հիմնավորված էր համարվել 2010-2011թթ. սպառված գազի դիմաց ռուսական կողմի նկատմամբ կուտակած 305 միլիոն դոլար պարտքն ու դրա փոխարեն «ՀայՌուսգազարդ» ընկերությունում ՀՀ կառավարության ունեցած 20 տոկոս պարտքի հանձնումը «Գազպրոմ» ընկերությանը: Մինչդեռ հանձնաժողովի անդամ՝ մյուս խմբակցությունների ներկայացուցիչները չէին ընդունում հատկապես այդ ձևակերպումը: Ավելին` այդ եզրակացության քննարկումների ժամանակ մամուլում հրապարակումներ էին լինում, թե Վ. Այվազյանը գազային հանձնաժողովի գործունեության ընթացքում հասցրել է «Գազպրոմ-Արմենիայի» հետ որոշակի հարցեր լուծել: Եվ այդքանից հետո դժվար է մտածել, որ այդ հանձնաժողովը կարող է նաև առաջարկությունների իրականացման ուղղությամբ արդյունավետ ու անաչառ մոնիտորինգ իրականացնել:
Հիշեցնենք նաև, որ նման մի մոնիտորինգ տեղի ունեցավ Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության դեպքում: Այս անգամ էլ կառավարության կողմից այդ եզրակացությունում առկա առաջարկությունների կատարման մոնիտորինգն էլ դրվել էր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի վրա: Այդ դեպքում, իհարկե, խնդիրներն ու առաջարկությունները լայնամասշտաբ էին և վերաբերում էին բազմաթիվ գերատեսչությունների ու ոլորտների: Բայց այդ մոնիտորինգն այնքան աննկատ անցավ, որ խորհրդարանում այդպես էլ չհասկացվեց` առհասարակ մոնիտորինգ իրականացվել է, թե ոչ: Նաև աննկատ մնաց, թե այդ եզրակացության առաջարկությունների արդյունքում ինչ բարեփոխումներ կամ փոփոխություններ են տեղի ունեցել: Նույնն էլ կարող է տեղի ունենալ նաև այս դեպքում:
Ա. Մինասյանը, ով Մարտի 1-ի հանձնաժողովի անդամ էր, բայց ոչ պետաիրավական հանձնաժողովի անդամ, չի կարծում, որ այս երկու դեպքերում զուգահեռներ տանելը ճիշտ է այն պատճառով, որ առաջին դեպքում խնդիրները լայնամասշտաբ էին, թեև մոնիտորինգի լիազորությունները տրվել էր միայն մեկ հանձնաժողովի: Միևնույն ժամանակ նա գտնում է, որ այդ անգամ, այնուամենայնիվ, որոշակի քայլեր արվել են: «Որոշակի քայլեր եղան հատկապես իրավապահ համակարգում, ամբողջությամբ վերանայվեց կանխարգելիչ միջոցառումների համակարգը: Սա ավելի կոնկրետ ուղղվածություն ունի, և այդպիսով աշխատանքներն ավելի նպատակաուղղված կլինեն»,- ասում է պատգամավորը:








































