Քրդական Fırat լրատվական գործակալության հաղորդմամբ, վարչապետ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կառավարությունը 2011 թվականի բյուջեում նախատեսում է բանակի ու անվտանգության ծառայության վրա ծախսել 20 միլիարդ դոլար:
ԱԶԿ-ն շարունակելու է 50.000-անոց «հատուկ նշանակության բանակի» ստեղծման աշխատանքները, ինչպես նաև նախատեսում է 10 միլիարդ դոլար ծախսել նոր ռազմական ինքնաթիռների գնման վրա: Խոսքը F-35 տիպի 116 մարտական ինքնաթիռների մասին է: Բացի այդ, Թուրքիան մտադիր է 4 միլիարդ դոլար հատկացնել Scorsky և Agusto տիպի 121 ուղղաթիռներ գնելուն:
Հիշեցնենք, որ 2010 թվականի հունիսի 21-ին կայացած Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստում վճռվեց հակաահաբեկչական միջոցառումներում այսուհետ ընդգրկել բացառապես պայմանագրային զինծառայողներին (հատուկ նշանակության բանակ), որոնց թիվը վերջին տարիներին կտրուկ աճել է:
Այդ որոշումը պայմանավորված էր ժամկետային զինծառայողների կրած մեծ կորուստներով, ինչը հանգեցնում է նրան, որ թուրք զինծառայողների ծնողները չեն ցանկանում իրենց զավակներին ուղարկել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների դեմ պատերազմի, զորքում շատանում է դասալքությունը:
20-ամյա թուրք զինծառայողները, ովքեր մի քանի ամիս է, ինչ գտնվում են զինծառայության մեջ, մեծ դժվարություններ են կրում արդեն մի քանի տարվա պատերազմական փորձ ունեցող քուրդ զինյալների դեմ պայքարում:
50.000-անոց արհեստավարժ բանակը, որն այլ կերպ անվանում են նաև հատուկ բանակ, ժանդարմերիայի և հատուկ նշանակության զորքերի հետ մեկտեղ, կազմելու է ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի առանցքը և պահպանելու է սահմանի առավել վտանգավոր հատվածները:









































