Ֆրանսիայի արևմուտքում՝ Լա Ռոշելի Ալբերա կամյու քոլեջում, 16-ամյա պատանին ինքնահրկիզվելու փորձ է կատարել,- հաղորդում է Ouest-France պարբերականը:
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան: Պատանին իր վրա դյուրավառ հեղուկ է լցրել, հանել է կրակայրիչը և վառել: Քոլեջի մեկ այլ ուսանող, որը եղել է մոտակայքում, միանգամից ջուր է լցրել նրա վրա՝ թույլ չտալով ինքնասպանություն գործել:
Դեպքի վայր ժամանած հրշեջները տուժածին տեղափոխել են հիվանդանոց: Նրա վիճակի և արարքի դրդապատճառների մասին չի հաղորդվում:
Ouest-France-ի տվյալներով՝ քոլեջի ղեկավարությունը և 340 աշակերտները շոկի մեջ են հայտնվել տեղի ունեցածի պատճառով: Քոլեջում աշխատում են դատախազության և տեղի իշխանությունների ներկայացուցիչներ:
Նշենք, որ երկու օր առաջ Ֆրանսիայի Նանտ քաղաքում՝ բորսայի շենքի մոտ, ինքնահրկիզվել է տղամարդ, որը զրկվել էր գործազրկության նպաստից:









































