Մարդու ու շան միջև բարեկամությունը հնարավոր է դարձել շնորհիվ այն բանի, որ կենսաքիմիական մակարդակում նրանք օգտագործել են մոր ու երեխայի միջև կենսաբանական կապը ուժեղացնող մեխանիզմ:
Գիտնականները պարզել են, որ մարդու ու շան միջև սերտ կապն ապահովվում է «սիրո հորմոնով»՝ օքսիտոցինով: Հետազոտության արդյունքները ներկայացված են Science ամսագրում:
Ճապոնիայի Ազաբու համալսարանից Միհո Նագասավան ու նրա գործընկերները ցույց են տվել, որ շփման ժամանակ երկու տեսակների մոտ էլ ավելանում է օքսիտոցինի մակարդակը:
Պարզվել է, որ որքան երկար են տերերը նայում իրենց շների աչքերին, այնքան բարձրանում է օքսիտոցինի մակարդակը: Այսպիսով՝ «սիրո ու հոգատարության հորմոնը» ստեղծում է շան ու մարդու միջև հետադարձ կապի ցիկլ:
Գիտնականները գրում ենմ, որ օքսիտոցինն ու միմյանց վրա երկար հայացք գցելը ամրապնդում են մոր ու երեխաների միջև հոգեկան կապը: Հենց նույն մեխանիզմն է նպաստում մարդկանց ու շների միջև փոխադարձ կապվածությանը:
Հատկապես նշվում է, որ գայլերի մոտ նման ռեակցիա չի դիտվում, անգամ անազատության մեջ մեծացածների մոտ:











































