Օսմանյան թուրքերի կողմից ավելի քան 1 միլիոն հայերի սպանությունից մեկ դար է անցել, Օբաման պետք է այս ոճրագործությունը կոչի իր անունով:
Այն հնչում է ինչպես գիշերային թոք շոու վարողի հումորային բացում.«Այսպիսով, Քիմ Քարդաշյանը և Հռոմի Պապն անցյալ կիրակի գլխավոր լուրերում էին»:
Բայց դա ծիծաղելի չէ:
Որպես հայ–ամերիկացի և Հայոց Ցեղասպանության վերապրածների հետնորդ, պետք է ասեմ, որ վերջին օրերին Քարդաշյանի և Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասին սուր ու հզոր խորագրերը փոխում են խաղի կանոնները: Անցյալ շաբաթ, Քարդաշյանը` հայկական ծագումով ամենահայտնի ամերիկացին, ամուսնու՝ Քանյե Ուեսթի և դստեր՝ Նորթի հետ այցելեց Երևանի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Իսկ կիրակի երեկոյան Քանյեն անվճար համերգ տվեց քաղաքի կենտրոնում գտնվող Կարապի լճի տարածքում:
Այս շաբաթ Սբ. Պետրոս եկեղեցում կայացած պատարագի ժամանակ Հռոմի Պապը Օսմանյան կայսրության կողմից մոտ 1,5 միլիոն հայերի համակարգված ոչնչացումը կոչեց «ցեղասպանություն» և շարունակեց. «Չարիքը թաքցնելը կամ ժխտելը նույնն է, թե թողնել, որ վերքն արյունահոսի այն չվիրակապելով»:
Այժմ հույս ունեմ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կհետևի նրանց օրինակին և առիթը կօգտագործի 2008-ի նախընտրական խոստումը կատարելու և նույնն անելու համար: Յոթ տարվա ընթացքում նա իրական քաղաքականությունը նախընտրեց արդարությունից, խուսափեց «ցեղասպանություն» բառից, փորձելով հանգստացնել Ամերիկայի ռազմական դաշնակից Թուրքիային, որը դրա փոխարեն շատ քիչ բան է առաջարկել:
Աշխարհի մեծ մասը Հայոց Ցեղասպանությունն ընդունում է որպես կոտորած: Բայց ամեն տարի ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, մենք՝ հայերս, հիշում ենք հանցագործության անարդարությունը, որը քչերն են ճանաչել և հաճախ կտրականապես հերքել են:
1915 թվականի ապրիլի 24-ին էր, երբ օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում հավաքեցին հայ մտավորականներին, մասնագետներին, խմբագիրներին ու կրոնական առաջնորդներին և գրեթե բոլորին մահապատժի ենթարկեցին: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունը սպանեց յուրաքանչյուր չորս հայ քաղաքացուց երեքին: Հայերի մեծամասնությունն այսօր ողջ մնացածների ժառանգներն են:
Վերջին հարյուր տարվա ընթացքում թուրք ղեկավարները ջանում են ժխտել ցեղասպանությունը, կեղծելով պատմական արձանագրությունները, չնայած Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան միաձայն այն անվանում է ցեղասպանություն: Փետրվարին, Թուրքիայի խորհրդարանի քուրդ պատգամավոր Ահմեդ Թյուրքը խոստովանել է, որ իր քուրդ նախնիները մասնակցել են սպանություններին և ներողություն է խնդրել հայերից «իրենց արյունոտ ձեռքերի համար»:
Նույնիսկ Թուրքիայի ետպատերազմյան առաջին կառավարությունը 1919-ին ցեղասպանության երեք հեղինակներին մեղավոր ճանաչեց հայերի դեմ կատարած հանցագործությունների համար և հեռակա կարգով մահվան դատապարտեց: Դա տևեց մինչև 1924-ի ետպատերազմյան երկրորդ կառավարության ձևավորումը, որը ղեկավարեց Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը: Թուրքիան սկսեց վերաշարադրել այս ոճրագործության պատմությունը:
Դա նրանց մասամբ հաջողվեց, քանի որ արևմտյան շատ երկրներ Թուրքիան ընդունում էին որպես սառը պատերազմի ժամանակ խորհրդային ազդեցության ընդլայնման դեմ վերջին սահմանը, հետագայում էլ` չափավոր դաշնակից Մերձավոր Արևելքում: Միացյալ Նահանգները, իհարկե, դրան նպաստողներից էր:
Վաշինգտոնն այնքան է վախենում Անկարայից, որ այստեղ երբեք չի ընդունվել Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձև: Սակայն 2008 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ, թեկնածու Բարաք Օբաման ասաց. «Ամերիկան արժանի է այնպիսի առաջնորդի, ով արդարացիորեն կխոսի Հայոց Ցեղասպանության մասին և վճռականորեն կարձագանքի բոլոր ցեղասպանություններին: Ես մտադիր եմ լինել այդ նախագահը»:
Որպես ԱՄՆ սենատոր, նա աջակցել է Հայոց Ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը: Սակայն վերջին վեց տարիներին, որպես նախագահ ամեն տարի ապրիլի 24-ին նա գտնում է ցեղասպանություն բառի ավելի մեղմ տարբերակը, որպեսզի խուսափի Թուրքիայի զայրույթից:
Բայց դա նրան չի օգնում: Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է, թույլ չի տալիս ամերիկյան օդուժին թռիչքներ իրականացնել ԱՄՆ Ինջիրլիկ ավիաբազայից ԻԼԻՊ-ի դիրքերին հարվածելու համար: Սև շուկայում վաճառվող ԻԼԻՊ-ի նավթը հոսում է Թուրքիայով: Այն զենքի վերաբեռնման կետ է, որն առաքվում է ալ-Կաիդայի ենթաճյուղերին: Երկրի ներսում թուրքական իշխանությունը մեծ ճնշում է գործադրում լրագրողների վրա և ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության, մամուլի ազատության վարկանիշում Թուրքիան զբաղեցնում է 149-րդ տեղը: Այն ցածր է Մյանմարից և մի քիչ բարձր Ռուսաստանից:
Թուրքիայի ղեկավարները ցնցվում են, երբ գործը հասնում է Օսմանյան կայսրության հանցագործությունների քննարկումներին: Հռոմի Ֆրանցիսկոս պապի խոսքից անմիջապես հետո Թուրքիան հետ է կանչել Վատիկանի իր դեսպանին, արտաքին գործերի նախարարը կատաղել է. « Պապի հայտարարությունը, որը հեռու է պատմական և իրավական ճշմարտություններից, անընդունելի է»: Բայց ճշմարտությունը ցավալի է, ցեղասպանության մասին տասնյակ գիտական աշխատությունները, երբեմն նաև թուրք գիտնականները, ցուցադրում են այդ ցավոտ ճշմարտությունը:
Նախնիների կոտորածը տեսած և հայրենիքը կորցրած հայերն ամբողջ աշխարհում ակտիվացել են: Այժմ, ցեղասպանությունից մեկ դար անց, մենք այլևս չպետք է թույլ տանք թուրքերին այս զանգվածային սպանությունները թաքցնել գորգի տակ:
Շատ տարիներ ապրիլի 24-ը նշվել է առանց ընդգծված ճանաչման: Բայց այս տարի ցեղասպանության հարյուրամյակն է, աշխարհը ուշադրություն է դարձնում այս մռայլ կարևոր իրադարձության վրա և Թուրքիան արդեն հաստատել է իր անհուսալի դաշնակից լինելը:
Այս տարի քրիստոնեական հավատքի ամենանշանավոր առաջնորդը և Քարդաշյան կայսրության ամենահայտնի դեմքը ոտքի են կանգնել և պատասխանատվություն են պահանջում: Աշխարհը և մեր երկիրը պարտավոր են ճանաչել, սգալ և դատապարտել այս չարագործությունը:
Հույս ունեմ, որ նախագահը կամրապնդի իր ժառանգությունը որպես բարոյական պետական գործիչ, կասի այն, ինչ նախկինում անասելի էր և Հռոմի Պապի նման քաջություն կունենա ու մեր ողբերգությունը կկոչի ցեղասպանություն:
Թարգմանությունը՝ Interpress.am–ի









































