Ռուսաստանը հետաքրքրված է ԵԱՀԿ-ն բարեփոխելու հարցով և պատրաստ է աշխատել այդ ուղղությամբ՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Այսօր Մոսկվայում նա լրագրողներին հայտնել է, որ 2015 թվականին լրանում է Հելսինկիի եզրափակիչ ակտի 40 տարին: «Այժմ ԵԱՀԿ անդամ երկրների առջև ընտրություն է դրված՝ շարժվել առաջ և այն դարձնել իրական համաեվրոպական կազմակերպություն… կամ ԵԱՀԿ-ն կմնա Եվրոպայում միջազգային գործընթացներից դուրս»,- ասել է նա:
Նա նշել է, որ ՌԴ-ն կանոնավոր կերպով վճարում է ԵԱՀԿ անդամավճարը, որը ներկայում կազմում է ավելի քան 5 մլն դոլար՝ այն դեպքում, երբ Եվրոպայի խորհրդին իրենք հատկացնում են 27 միլիոն դոլար: Նրա խոսքով՝ այս տարվա բյուջեն սահմանվել ու ընդունվել է օրերս: Պատճառներից մեկը Ռուսաստանի պահանջն էր՝ միջոցները ուղղել այն կարիքներին, որոնք իսկապես անհրաժեշտ են կազմակերպության անդամներին:
Մոսկվան մի քանի տարի առաջ բարեփոխման առաջարկ է արել, սակայն բարեփոխումների փաթեթն արհամարհվել է Վիեննայի կողմից:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ անհրաժեշտ է, որպեսզի ԵԱՀԿ-ն դառնա լիարժեք միջազգային կազմակերպություն՝ իրավաբանորեն պարտավորեցնող կանոնադրությամբ, ապահովի մասնակիցների անվտանգությունն ու նպաստի համագործակցությանը՝ սահմանափակումներից ու արգելքներից հրաժարվելու ճանապարհով:











































