Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը հեռացվել է պաշտոնից։ Ինչպես գրում է թուրքական «Բուգյուն» կայքը, Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը սույն որոշումը պատճառաբանել է Մահչուփյանի՝ պաշտոնի հետ տարիքի անհամապատասխանությամբ, թեև իրական պատճառը վերջինիս՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունն է, ինչի պատճառով վերջին շրջանում նրա հասցեին խիստ քննադատություններ էին հնչեցնում ԱԶԿ-ի տարբեր ներկայացուցիչներ։
Նշենք, որ Էթիեն Մահչուփյանն ուշագրավ հայտարարություններով մեկնաբանել էր Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մատուցած պատարագը, որի ժամանակ վերջինս 20-րդ դարի սկզբում թուրքերի կողմից հայերի զանգվածային կոտորածն անվանել էր իր անունով՝ Հայոց ցեղասպանություն:
Մահչուփյանը ասել էր, որ «եթե հարցին տեխնիկական տեսանկյունից մոտենանք, մեր օրերում արդեն անհնար է ասել, որ 1915-ին ցեղասպանություն չի եղել»:
Հիշեցնենք, որ դեռևս մարտի վերջին Բրիտանիայի խորհրդարանում կազմակերպված կլոր սեղանի ընթացքում Մահչուփյանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային, հայտարարել էր, որ ինքը 1915-ին կատարվածը ճանաչում է որպես ցեղասպանություն:









































