2013թ. փետրվարի 14-ից 15-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Վ.Գերասիմովի գլխավորած պատվիրակությունը:
ՊՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ փետրվարի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի հանդիպումը:
Հայ-ռուսական երկկողմ բանակցությունների ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր, ինչպես նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության օրակարգի խնդիրներ, այդ թվում` միացյալ ուժերի ու միջոցների կիրառումը պլանավորող մի շարք հարցեր:
Նույն օրը գեներալ-գնդապետ Վ.Գերասիմովին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը:
Այցի շրջանակներում ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը կայցելի ՀՀ տարածքում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայան:









































