Կիպրոսում ուսումնամարզական հավաքն անցկացնող Երևանի «Բանանցը» այսօր անցկացնելու է առաջին ստուգողական հանդիպումը երկրորդ հավաքի շրջանակներում: Թիմի մրցակիցն է լինելու Ռուսաստանի առաջին խմբում հանդես եկող «ՈՒֆան»:
Մրցակիցը բավականին ուժեղ թիմ է և հայ երկրպագուին արդեն լավ ծանոթ, քանի որ այս թիմում է հանդես գալիս մեր ազգային հավաքականի թեկնածուներից մեկը՝ Միխայիլ Մարկոսովը, ով արդեն հրավեր ստացել է մեր հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանից, սակայն փաստաթղթերի հետ կապված խնդրի պատճառով չկարողացավ մասնակցել Լյուքսեմբուրգի հավաքականի հետ հանդիպմանը: «ՈՒֆայի» գլխավոր մարզիչն է նախկին Խորհրդային Միության և Ռուսաստանի նախկինում ճանաչված ֆուտբոլիստ Իգոր Կոլիվանովը:
«Բանանցի» կազմում փորձաշրջան անցնող Պավլո Գրիշչենկոյին միացել են ևս երկու ֆուտբոլիստներ, ովքեր կմասնակցեն մեր թիմի մարզումներին և ստուգողական առաջիկա հանդիպումներին: Հավելենք, որ հաջորդ հանդիպումը նախատեսված է անցկացնել փետրվարի 18-ին: Նախապես պայմանավորվածություն կա կիպրոսյան «Սալամանա» թիմի հետ մրցելու, սակայն չի բացառվում, որ մրցակիցը կփոխվի:









































