ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնն անճանաչելի է մնացել Օհայո նահանգի արագ սննդի Chipotle ռեստորանում, հայտնում է The New York Times-ը:
Քաղաքական գործիչը որոշել է Այովայի ճանապարհին ուտել իր սիրելի բուրիտոն, ուր ուղևորվում էր նախընտրական արշավի շրջանակում:
Ինչպես գրում է պարբերականը, Քլինթոնի հետ միասին ռեստորան են մտել նրա երկու ասիստենտներն ու Գաղտնի ծառայության գործակալները: Այդուհանդերձ, Հիլարիին ո՛չ այցելուներն են ճանաչել, ո՛չ հաստատության աշխատակիցները:
«Բանն այն է, որ նա կրել է այդ մուգ ակնոցը: Նա եղել է ևս մի լեդի»,- պատմել է ռեստորանի մենեջեր Չարլզ Ռայթը:
Այն մասին, որ Քլինթոնն այցելել է Chipotle, ամերիկացին իմացել է NYT-ի լրագրողից, երբ նա արդեն գնացած է եղել:
Երբ Ռայթը նայել է տեսախցիկների տեսագրությունը, համոզվել է, որ ԱՄՆ նախկին առաջին տիկինը իսկապես եկել է բուրիտո ուտելու:





































