2014 թ. ընթացքում իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս զոհվել է 118 լրագրող, ընթացիկ տարում ԶԼՄ-ների աշխատակիցները նախկինի պես վտանգի են ենթարկվում: Այս մասին, ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, հայտարարել է Լրագրողների միջազգային ֆեդերացիայի (International Federation of Journalists) նախագահ Ջիմ Բումելան ԶԼՄ-ների միջազգային համաժողովում:
«Այսօր խոսքը ոչ միայն լրագրողների ապագայի, այլև որոշ երկրներում լրագրողների ֆիզիկական գոյության մասին է»,- ասել է նա:
Բումելան ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ լրագրողները ոչ միայն զոհվում են իրենց մասնագիտական պարտքը կատարելիս, այլև հաճախ հարձակումների թիրախ են դառնում:
«Ամեն տարի Լրագրողների միջազգային ֆեդերացիան մանրամասներ է հրապարակում լրագրողների սպանությունների վերաբերյալ: Անցյալ տարի զոհվել է 118 լրագրող: Մենք մանրամասներ ենք գրում, քանի որ այդ մահերը ոչ միայն վիճակագրություն են, նրանք մեր ընկերներն են, գործընկերները, որոնք իրենց կյանքն են նվիրել մասնագիտական պարտքի կատարմանը և դրա համար չափազանց թանկ են վճարել»,- ասել է Բումելան:
Բումելան նշել է, որ այդ միտումը գնալով աճում է. միայն այս տարվա առաջին երկու ամիսներին ԶԼՄ-ների ներկայացուցիչների սպանությունները կազմել են 2014թ. ընդհանուր վիճակագրության ավելի քան մեկ քառորդը:
«Լրագրողների անվտանգության հարցը ազատության և ժողովրդավարության զարգացման հիմնական հարցերից մեկն է»,- ընդգծել է նա:
ԶԼՄ-ների միջազգային համաժողովը բացվել է ապրիլի 13-ին Հարավային Կորեայում, այն կշարունակվի մինչև ապրիլի 17-ը:
Լրագրողների միջազգային ֆեդերացիան (IFJ) ԶԼՄ-ների պրոֆեսիոնալ աշխատակիցների խոշորագույն կազմակերպությունն է աշխարհում: Այն հիմնվել է 1926թ, կենտրոնական գրասենյակը տեղակայված է Բրյուսելում: Լրագրողների միջազգային ֆեդերացիան պաշտպանում է լրագրողների, տպագիր և էլեկտրոնային մամուլի աշխատակիցների սոցիալական և մասնագիտական իրավունքները:











































