Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագի ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ.Արամ Ա Կաթողիկոսն իր երախտիքի խոսքն ասաց սրբազան քահանայապետ Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ հայ ժողովրդի զավակներին նման հոգեվառ առիթ ընձեռելու համար, որ Աստծո այդ տաճարում ոգեկոչում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։
«Ինչպես երկրորդ դարի եկեղեցու հայր Տերտուղյանոսն է ասել՝ նահատակների արյունն ավիշ դարձավ եկեղեցու կյանքի ու վկայության, այնպես էլ 1,5 մլն նահատակների արյունն ավիշ դարձավ մեր եկեղեցու ու ժողովուրդների կյանքին՝ մեզ տալով հավատքի և հայրենիքի համար ապրելու, գործելու ու պայքարելու ու նույնիսկ իմացյալ մահով նահատակվելու սրբազան քաջությունը։ Եվ այսօր այս արարողությամբ մենք հոգեպես կլիցքավորվենք մեր նահատակների հավատքով ու մանավանդ սրբազան կտակով»,-ասաց նա։
Արամ Ա Կաթողիկոսը նաև կարևորեց այն, որ Կաթողիկե եկեղեցու կողմից այսօր սրբադասված Սուրբ Գրիգոր Նարեկացին հռչակվեց Տիեզերական եկեղեցու վարդապետ։ «Նարեկացին եզակի աստվածաբան էր, մեր եկեղեցու և ընդհանրական եկեղեցու կյանքի մեջ։ Նարեկացին խոսեցավ Աստծո հետ՝ մարդ-աստված երկխոսություն ստեղծելով «Մատեան ողբերգության» մեջ, որ եղավ ու մնաց հայ ժողովրդի կյանքի երկրորդ Աստվածաշունչը»,-նշեց Արամ Ա-ն։
https://youtu.be/KkntoavtQRQ









































