«Միանշանակ է, որ Պերմյակովը մենակ չի գործել, մեղսունակ ճանաչելով էլ գործը օբյեկտիվ չի քննվի, ցմահ էլ դատապարտեն՝ կրկին գործը ամբողջովին չի բացահայտվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ավետիսյանների իրավահաջորդ Ջուլիետա Պողոսյանի ամուսինը՝ Հրանտ Պողոսյանը՝ հավելելով, որ այդ կարծիքին են ոչ միայն Ավետիսյանների հարազատները, այլև ամբողջ Գյումրին և առհասարակ Հայաստանի բնակչության մեծ մասը: «80 տոկոսը էդ կարծիքին է: Ես 27 տարվա փեսա եմ, միչև հիմա երրորդ սենյակի տեղը չգիտեմ, մեկը մտավ, սաղ սենյակներով արագ անցավ, 7-ին գնդակահարեց ու անաղմուկ հեռացա՞վ՝ իր հետքերը թողնելով»,- նշեց նա:
Հրանտ Պողոսյանը նաև ընդգծեց, որ արդեն հայաստանյան արդարադատությունից որևէ ակնկալիք չունեն, իսկ ռուսական կողմն էլ առաջ է քաշում իրեն ձեռնտու վարկածները, կեղծ փաստարկները: «Այստեղ անզոր ենք, բայց չենք պատրաստվում լռել, համակերպվել, մենք կբողոքենք, դատավարությանը կհետևենք, կանենք այն, ինչ կուզենք, պետք եղավ՝ կհասնենք մինչև Եվրադատարան»,- ասաց նա:
Հրանտ Պողոսյանը նաև նկատեց, որ Հայաստանից կնոջ հետ բացակայում էին, 2 օր առաջ են վերադարձել, կինը՝ տիկին Ջուլիետան, առողջական խնդիրներ ունի, հոգեբանական խնդիրներ ևս: Նա նաև նկատեց, որ պետությունն իրենց ամբողջովին անտեսել է: «Էսքան ժամանակ ընդամենը մի անգամ հոգեբան է ուղարկել, դրանից հետո հոգեբանն էլ, համարն էլ կորել են»,- նշեց նա:
Պարոն Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ իսկ Ավետիսյանների հարազատներին փոխհատուցման մասով որևէ առջարկություն եղե՞լ է. «Խոսակցություններ եղել են, բայց փոխհատուցում, օգնություն չի եղել, ով նման բան է ասում՝ սուտ է, այդպիսի բան գոյություն չունի»:
Նա նաև նկատեց, որ իրենք չգիտեն՝ փոխահատուցման մասով ինչ կարող է լինել, կամ եթե դատարան դիմեն, ապա որ կողմին ՝ հայկակա՞ն, թե՞ ռուսական: «Որ ճիշտն ասենք՝ չենք հասկանում»,-ասաց նա՝ հավելեով, որ այս փուլում իրենց հետաքրքրում է, որպեսզի գործում բոլոր մեղավորները պատժվեն, մեկի գլխին չբարդեն:
Հիշեցնենք, որ ռուսական մամուլում երեկ տեղեկատվություն էր տարածվել, որ Պերմյակովը, ըստ հոգեբուժական փորձաքննության արդյունքների, մեղսունակ է, և նրան կդատապարտեն ցմահ: Պերմյակովին ներկայացրած մեղադրանքները՝ ՌԴ Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ սպանություն (105 հոդվածի 2-րդ մասի «ա» կետ) և դասալքություն ամրակցված զենքով (338 հոդվածի 2-րդ մասով). Հիմա՝ 105 հոդվածին մանկահասակ անձի կամ անօգնական վիճակում գտնվող այլ անձի սպանության կետը: Պերմյակովին նաև մեղադրանք է ներկայացվել զենքի ապօրինի շրջանառության և կողոպուտի հոդվածով:
Լուսանկարը՝ Առավոտ-ի









































