Այս քարոզարշավը կարող է Գինեսի գրքում գրանցվել իր անհեթեթությամբ: Այն դեռ երկար ժամանակ կմնա վերլուծաբանների քննության առարկա: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ամփոփելով նախագահական ընտրությունների քարոզարշավը՝ ասաց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
«Մենք չենք կարող գնահատել այս ընտրարշավի ընթացքում ի հայտ եկած անհեթեթությունները և պարադոքսալ իրավիճակները, եթե չվերլուծենք դրանց ի հայտ գալու նախապատմությունը:
Նախորդ համապետական ընտրություններին երկրորդ տեղը զբաղեցրած և պատկառելի ձայներով ընտրողների քվեին արժանացած քաղաքական ուժը հրաժարվեց մասնակցել նախագահական ընտրություններին՝ այն ընտրություններին, որոնք կանխորոշիչ են երկրի զարգացման համար:
Այն քաղաքական ուժը, որի ներկայացուցիչը նախորդ նախագահական ընտրություններում զբաղեցրեց երկրորդ տեղը՝ պաշտոնական տվյալներով, նույնպես հրաժարվեց մասնակցել նախագահական ընտրություններին, բայց ընդհուպ մինչև քարոզարշավի սկիզբը Լևոն Զուրաբյանը անում էր խոստումնալից հայտարարություններ:
Խորհրդարանում ներկայացված ՀՅԴ-ն, որը տարիներ շարունակ քննադատում էր երկրում ստեղծված սոցիալական բևեռացումը, պարտավոր էր ակտիվորեն մասնակցել նախագահական ընտրություններին, բայց նույնպես հրաժարվում է: Արդյունքում այսօր չկա գեթ մի թեկնածու, որը հանդես կգա ձախակողմյան, սոցիալիստական դիրքերից:
Սրա հետևանքն էլ դարձավ քաղաքական ամենամեծ անեծքը՝ անմրցակից մնաս»,- ասաց քաղաքագետը:
Հմայակ Հովհաննիսյանի գնահատմամբ՝ այս քարոզարշավը խեղկատակություն է, քանի որ թեկնածուներն աննախադեպ արարքներ են անում. «Նախագահի թեկնածուներից մեկը հայտարարում է հացադուլ, մեկ ուրիշ թեկնածուի վրա կրակում են, որը սկզբում հայտարարում է, թե հետաձգում է ընտրությունները, հետո ասում՝ չի անելու, դրանից հետո դիմում է ներկայացնում, այնուհետև հետ վերցնում. մի ինչ-որ խելացնոր իրավիճակ է»:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ Հայրիկյանը պարտավոր է ասել՝ ճանաչո՞ւմ է իր դեմ ուղղված մահափորձի գործով ձերբակալվածներին, թե՞ ոչ:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի











































