Գազայի հատվածի ոստիկանությունը առգրավել է հայտնի փողոցային նկարիչ Բենքսիի գրաֆիտիով դուռը, որի տերն այն վաճառել է մոտ 175 դոլարով, բայց հետո հասկացել է, որ վատ գործարք է կատարել ու գնորդից պահանջել է վերադարձնել նկարը: Այս մասին հայտնում է CNN-ը:
Խան-Յունիսում տան տերը, որը վաճառել է գրաֆիտիով դուռը, դատարան հայց է ներկայացրել, և ոստիկանությունն ապրիլի 9-ին առգրավել է դուռը: Բենքսիի գրաֆիտին ոստիկանների մոտ կմնա մինչև վարույթի ավարտը:
Bomb Damage կոչվող նկարը եղել է 33-ամյա Ռավի Դարդունի քանդված տան երկաթե դռան վրա: Բենքսին այդ գրաֆիտին ստեղծել է 2015թ. փետրվարին: Դա ավերակներում նստած և գլուխը ձեռքերով բռնած կնոջ պատկեր է:
Այդ գրաֆիտին Դարդունից գնել է տեղացի նկարիչ և լրագրող Բելալ Հալեդը: 7 երեխաների հայրը փողի խիստ կարիք է ունեցել վարձակալության գումարը վճարելու համար, քանի որ Գազայում նրա տունը քանդվել է անցած տարի ռազմական գործողությունների հետևանքով: Բայց հիմա Դարդունը հայտարարում է, որ չգիտեր ստեղծագործության իրական արժեքը և ուզում է վերադարձնել դուռը՝ իրեն խաբված համարելով:
Հալեդը, իր հերթին, պնդում է, որ գործարքն ազնիվ է եղել: Նա Դարդունին պատմել է, որ դա Բենքսիի գրաֆիտին է, բայց նա դրան ոչ մի կերպ չի արձագանքել՝ նշում է Associated Press-ը:




































