ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն իր դեմ իրականացված մահափորձի քննության վերաբերյալ հարցերի չի պատասխանում: Սակայն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պարույր Հայրիկյանն ասաց, որ բացառություն կանի:
«Ոչ այդ կրակողները, ոչ առաջին փուլով կապված էպոսագետը հիմնական դեմքերը չեն: Այս գործն այնքան մաքուր է արված, որ մի քանի շերտ ապահովագրված է»,- իր կարծիքը հայտնեց Պ. Հայրիկյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԱԾ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել էին Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող՝ 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված Սամվել Արամայիսի Հարությունյանը: Նույն օրը պարզվեց, որ նրանք կապ են ունեցել ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածու Վարդան Սեդրակյանի հետ, որոնցից մեկն աշխատել էր նրա ամառանոցում՝ որպես «կաֆելչիկ»:








































