Ստեփանակերտում պատշգամբներից ձգվող լվացքի պարանները ի ցույց են դնում կարգապահության արտակարգ աստիճան, եթե ոչ մոլուցք։ 50 հազար բնակչություն ունեցող այս քաղաքում ընտանիքները հագուստները դասակարգում են ամենափոքրից ամենամեծը՝ մանկան վարդագույն գուլպաները զիջում են երեխաների ու մեծահասակների ավելի մեծ՝ կարմիր և սև գուլպաներին, այնուհետև ներքնազգեստի հերթն է (գույներով դասակարգված), և վերջապես, վերնաշապիկների հաջորդականությունն է գալիս՝ գլխիվայր կախված, պարզած թևքերով՝ կարծես երկնքից ընկնող անտեսանելի սուպերհերոսների բանակ։ Այս մասին The New York Times-ում «Ջերմ ընդունելություն կովկասյան լեռներում» վերտառությամբ հոդվածում գրում է Սեթ Կուգելը։
«Կարո՞ղ է պատահել, որ ինքնահռչակ, սակայն մեծապես չճանաչված երկրի մոռացության մեջ ապրելը ստիպի մարդկանց կարգուկանոն որոնել այլ կերպ։ Այդ միտքը համակեց ինձ հանգստյան օրերից հետո, որոնք անցկացրի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, որտեղ 150 հազար հայեր և փոքրաթիվ այլ մարդիկ ապրում են կովկասյան լեռների ավելի քան 1700 քառակուսի մղոն տարածք զբաղեցնող լեռնային ու հովտային տարածքում։ Դեպի արևմուտք՝ Հայաստանի հետ հանգիստ սահմանն է, դեպի արևելք՝ Ադրբեջանի հետ վիճելի սահմանը, որը տեսնում է պարբերական դիպուկահարային հարձակումներ, իսկ անցած տարի՝ ուղղաթիռի խոցման դեպք։
Տարածքի բարդ պատմությունը դարերի խորքն է գնում։ Բոլորովին վերջերս՝ վաղ 1990-ականներին տեղի ունեցած դաժան պատերազմը, որի ժամանակ մեծապես հայերով բնակեցված անկլավը անկախություն հռչակեց Ադրբեջանից, դուրս հանեց փոքրամասնություն կազմող ադրբեջանցիներին և ներագրավեց Ադրբեջանից փախած էթնիկ հայերին։ 2006-ի նոր սահմանադրությունը հռչակեց այն ինքնիշխան պետություն։
Սակայն մինչ օրս դե ֆակտո Լեռային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչված չէ ՄԱԿ-ի որոշ անդամների կողմից. ռեսուրսների մեծ մասը, ներառյալ Google Maps-ը, տեղավորում է այն Ադրբեջանում։ Եվ չնայած ունի սեփական դրոշն ու կառավարությունը, այն խորապես կապված է Հայաստանի հետ և կախված է Հայաստանից, որը, ի թիվս այլ բաների, մատակարարում է իր արժույթն ու զինվորականներին»,- գրում է ճանապարհորդ լրագրողը։
Նա նշում է, որ տարածաշրջանն անվտանգ է համարվում ճանապարհորդների համար, ովքեր, իհարկե, պետք է հեռու մնան արևելյան լարված սահմանից։ Այն նաև գերազանց է սուղ բյուջեով ճանապարհորդների համար։ Լրագրողի համար ուիքենդն արժեցել է 47 հազար դրամ, որի մեջ մտնում է Երևանից Ստեփանակերտ հասնելու և հետդարձի տաքսու կիսված ծախսը։ Կուգելը նշում է, որ նույնիսկ փետրվարի վերջին Ղարաբաղի լեռնային լանդշաֆտը շատ գեղեցիկ էր։
Նա Ղարաբաղ է այցելել երկու նոր ընկերների հետ։ Նրանք են Սոնյա Վարուժանը՝ Լոնդոնում և Նյու Յորքում մեծացած երգչուհի, և Կորյուն Բերբերյանը՝ սիրիահայ։ Նրանք երկուսն էլ ծագումով հայ են, որոնց նախնիները մեկ դար առաջ Ցեղասպանության ընթացքում փախել են Օսմանյան կայսրությունից։
Տաքսիով նրանք անցել են ծիրանենիների այգիների և փոքր քաղաքների կողքով, որտեղ հսկա արագիլները բներ են դրել հեռագրասյուների վրա։ Վարորդ Յուրան մի քանի կանգառ է արել, քանի որ չորրորդ ուղևորը՝ հայ զինվոր Դավիթը, ցանկացել է ծխել։
Լրագրողի մոտ վառ տպավորվել է Արարատ լեռը, որը տեսել են դաշտում կանգ առած ժամանակ, և Նորավանքը։ Նրանք եղել են Ստեփանակարտից դուրս գտնվող մի տանը, որը վերածված էր հոսթելի։ Անանուն հոսթելին լրագրողը տվել է Սեդայի հոսթել անունը՝ այն ղեկավարող 80-ամյա տատիկի՝ Սեդա Բաբայանի անունով։ Լրագրողը հրապարակման մեջ թողել է նույնիսկ կոորդինատներն ու նշել այնտեղ Սեդա տատիկի անգլերեն իմացող թոռնիկի ներկայության մասին։ 3 հոգուց նա ընդհանուրը 8000 դրամ է վերցրել։ Այնուհետև նրանք հանդիպել են Սոնյայի ընկերոջը՝ զարդեր պատրաստող Արմոնդ Թահմազյանին, որը 1999 թվականին եկել է Իրանից, հանդիպել կնոջը՝ ծագումով հայ ավստրալուհու, և մնացել այնտեղ։ Զբոսաշրջիկները հյուրընկալվել են նրա՝ Nereni Arts and Crafts խանութում։ Արմոնդը նրանց տնային պայմաններում պատրաստված խաղողի օղի է հյուրասիրել՝ մարինացված բազուկով։ Լրագրողի համար աչքի են ընկել նրա ինքնության երկու վառ արտահայտված տարրեր՝ ծուռ հումորն ու հայրենասիրության խոր զգացումը։ «Ջրի պակաս կա Ղարաբաղում,-ասել է Արմոնդը:- Խոնավության հիմնական աղբյուրն օղին է»։
«Էվիտա» սրճարանում նա փորձել է ղարաբաղյան խոհանոցի էպիտոմը՝ ժինգալով հաց, որում, սրճարանի սեփականատեր-խոհարարի խոսքով, 11 տեսակի կանաչի է եղել։ Լրագրողը խոստովանել է, որ իր համային ընկալիչների վրա պայքարն ավարտվել է զարմանալի ներդաշնակությամբ։
Նրանք այնուհետև այցելել են Շուշի, որը, Կուլագի խոսքով, իր առջև բացել է Արմոնդի պատմած պատերազմի պատմությունների պատկերը։ Նա անդրադարձել է քաղաքի երկու մղզկիթներին։ Վերին մզկիթը, որն օգտագործվել է ադրբեջանցի մուսուլմանների կողմից, հայերի կողմից վերականգնվել ու պահպանվել է, Ստորին մզկիթը կանգուն է, սակայն ոչ լավ վիճակում։
Սոնյան հանդիպել է իր ընկերոջը՝ Սևակին, և վերջինիս ընկերոջը՝ Դավիթին, և նրանք բոլորը միասին խորովածի պատրաստություն են տեսել՝ գնելով միս, մատնաքաշ և օղի, անծանոթներից էլ խորովածի շիշ են վերցրել։ Նրանք ուղևորվել են Հունոտի կիրճ։ Լրագրողին մասանավորապես տպավորել է մամռակալած քարանձավի վրայով թափվող Հովանոց ջրվեժը։
Հաջորդ օրը նա լքել է Ղարաբաղը՝ գալով այն եզրահանգման, որ ժամանակը շատ կարճ էր՝ տեսնելու մի ամբողջ երկիր՝ անկախ այն բանից՝ դա փաստացի երկի՞ր է, թե՞ ոչ։



Պատրաստեց՝ Աննա Անտոնյանը









































