Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունում հայտարարել են, որ իրենք ապացույցներ ունեն, որ Դոնբասում անջատողականները գնդակահարել են ուկրաինացի ռազմագերիներին: Ինչպես ընդգծել են կազմակերպությունում, դա միջազգային իրավունքի խախտում է և պահանջում է դատավարություն՝ հայտնում է BBC-ն:
«Գերիների և վիրավորների հանդեպ կտտանքները, ծաղրն ու սպանությունները ռազմական հանցագործություններ են»,- ասվում է Amnesty International-ի հայտարարության մեջ: Իրավապաշտպանները կոչ են արել ամբողջական և անաչառ հետաքննություն անցկացնել այդ տեղեկության վերաբերյալ:
Իրավապաշտպանները վկայակոչում են ուկրաինացի ռազմագերի Իգոր Բրանովիցկու հարցաքննության տեսագրությունը, որը հրապարակվել է YouTube-ում: Նա մասնակցել է մարտական գործողություններին Դոնեցկի օդանավակայանի շրջանում, գերի է ընկել, հետո սպանվել անջատողականների կողմից՝ մեջբերում է BBC-ն: Amnesty International-ը միաժամանակ վկայակոչում է մի քանի ականատեսների:
BBC-ն հիշեցնում է, որ անջատողականների հրամանատարներից մեկը՝ Արսենի Պավլովը, որը հայտնի է Մոտորոլա մականունով, խոստովանել է 15 ռազմագերիների սպանությունը: Amnesty International-ի տեղեկությամբ՝ նրանց մեջ է եղել նաև Բրանովիցկին:
«Այդ ահասարսուռ խոստովանությունն անջատողական-գրոհայինի կողմից՝ տեսագրությունների և ականատեսների վկայությունների հետ միասին, ինչպես նաև երկու կողմերից գերիների հետ վատ վերաբերմունքի կուտակվող վկայությունները, այդ ամենը խոսում են միջազգային հետաքննության անհրաժեշտության մասին»,- BBC-ն մեջբերում է Amnesty International-ի տնօրենի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալ Դենիս Կրիվոշեևի խոսքը:
Amnesty International-ի տրամադրության տակ են հայտնվել նաև գերիների մասին տեսանյութ և ուկրաինացի գերիների մարմինների լուսանկարներ, որոնց գերի են վերցրել փետրվարի կեսին: Իրավապաշտպանների խոսքով՝ գերիների մարմինների վրա գնդակի անցքեր են երևում՝ կրծքավանդակի և գլխի շրջանում:









































