Հոգեբան Սամվել Խուդոյանի կարծիքով՝ այն երիտասարդներն են հատկապես ձգտում նշել Վալենտինի տոնը, ովքեր տարված են եվրոպական արժեքներով, իրենց երևակայում են եվրոպացի: Այդպիսի երիտասարդները նախընտրում են «լավ»-ի փոխարեն ասել ok, ռուսերեն կամ անգլերեն խոսել՝ անտեսելով մայրենին:
«Վալենտինի տոնը ձևամոլ երիտասարդությանն է ավելի շատ գրավում: Պետք է ուղղակի գիտակցել, որ ձև թափելը ոչ մի արժեքավոր բան չունի»,- ասաց նա:
Հոգեբանի կարծիքով՝ եվրոպական արժեքներին ձգտելը գալիս է այդ արժեքները ավելի շատ գովազդելուց, ցուցանակներին, խանութների վրա լատինատառ գրառումներից և դրսինը միշտ գովելու սովորությունից: Դրանք գրավում են դեռևս չկայացած երիտասարդներին:
«Ավելի լավ է՝ մենք մնանք մեր պատկերացումների վրա, ամենևին էլ պետք չէ տրվել օտարամոլությանը, ձևամոլությանը: Սա ընդամենը կարելի է համարել մարդու կեղծ գոյաձևի ախտանշան: Եթե ցանկությունը մեծ է, կարելի է նշել նաև Վալենտինի տոնը, բայց պետք չէ արհամարհել մեր ավանդական տոնը, որն ավելի գեղեցիկ արմատներ ունի և մոտ է մեր արժեհամակարգին»,- հավելեց հոգեբանը:








































