Լեբերմանը հաստատվել է Կնեսետի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում:
«Մեր տունն Իսրայելն է» կուսակցության ղեկավար, 19-րդ գումարման Կնեսետի պատգամավոր Ավիգդոր Լիբերմանը փետրվարի 13-ին նշանակվել է արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում: Այդ որոշումը հաստատվել է Կնեսետի կազմկոմիտեի նստաշրջանի ժամանակ, որի կազմի մեջ են մտնում տարբեր կուսակցություններ ներկայացնող 29 խորհրդարանականներ:
Նշանակումն ընդունելով՝ Լիբերմանն ընդգծել է. «Մենք բախվում ենք խնդիրների, որոնք սպասել չեն կարող մինչև որ նոր կառավարություն ձևավորվի»:
Այդ նշանակմանը դեմ է արտահայտվել Զախավ Գալյոն, ով մասնավորապես ասել է. «Ես խնդրում եմ հետաձգել այս նշանակումը, մինչև որ կառավարության գլխավոր իրավաբանական խորհրդատուն նրան գնահատական տա: Լիբերմանին կարող է սպառնալ դատական գործընթաց և դա խնդիրներ կառաջացնի»:
Արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովը զբաղվում է պետության արտաքին քաղաքականության հարցերով, զինված ուժերով և անվտանգության ծառայություններով: Նրա բոլոր նիստերը դռնփակ են: Մամուլի համար այնտեղ մուտքն արգելված է, և արձանագրությունները գաղտնի են: Հանձնաժողովի ենթակայության տակ են գտնվում 6 ենթահանձնաժողովները, որոնք ևս գործում են խիստ գաղտնիության պայմաններում:









































