Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ Աբխազիայի տարածքով Վրաստանից Ռուսաստան երկաթուղու աշխատանքի վերականգնման հարցը ակտիվ ռեժիմով չի քննարկվում երկրի կառավարության կողմից,- հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն:
«Տվյալ փուլում այս հարցը ակտիվ ռեժիմով չի քննարկվում, քանի որ դա բարդ քաղաքական թեմա է, և այս հարցի լուծումը հեշտ չէ»,- ասել է Կվիրիկաշվիլին և հավելել, որ մասնավորապես դա վերաբերում է ռուս-վրացական հարաբերություններին:
Նախարարը նշել է, որ Վրաստանն ամեն ինչ կանի աբխազների հետ հարաբերությունները լավացնելու համար և կայուն դիրքորոշում ունի այս հարցի շուրջ:
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր Աբխազիայի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորության մասին: Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արձագանքել էր տվյալ հայտարարությանը և նշել , որ երկաթուղու վերաբացումը բխում է բացառապես Ռուսաստանի շահերից:







































