Լիբանանցի սկանդալային փոփ-երգչուհի Հայֆա Վահբին ստիպված է եղել փրկել «Հըզբոլլահ» ահաբեկչական շարժման ղեկավար Հասան Նասրալլահի հեղինակությունը, հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը:
Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, լիբանանյան Lebanese Broadcasting Corporation (LBC) հեռուստաալիքն ավելի վաղ հաղորդել էր այն մասին, որ 52-ամյա Նասրալլահն ամուսնացած է եղել Հայֆա Վահբիի հետ, որը երբեք չի եղել արաբական բարոյականության կերպար: Այս լուրը շուտով տարածվեց ամբողջ Մերձավոր Արևելքով մեկ:
Հաղորդագրության մեջ, բացի հարսանիքի փաստից, մասնավորապես նշվել է, որ Վահբին Նասրալլահին ընտրել է վեջինիս իմաստության, հակաիսրայելական դիրքորոշման համար:
Երգչուհին, իմանալով իր «ամուսնու» մասին տարածվող լուրերը, շտապել է հերքել սուտ տեղեկությունները:
Նրա խոսքերով՝ սուտ եզրահանգումների պատճառ կարող է դարձած լինել 2010թ. հարցազրույցը: Հարցազրույցի ժամանակ երգչուհին նշել էր, որ միակ տղամարդը, ում ներկայությամբ իր սիրտն արագորեն բաբախում է՝ Նասրալլահն է:
«Ես ամուսնացած չեմ եղել Նասրալլահի հետ, սակայն խորը հարգանք եմ տածում նրա հանդեպ»,- ասել է երգչուհին և կատակել, որ հաջորդ անգամ իրեն կամուսնացնեն Օբամայի հետ:









































