2015 թվականի պրիլի 24-ից առաջ Հայաստանում ներքաղաքական իրավիճակն ինչ-որ առումով սկսել է հիշեցնել 2008 թվականի մարտի 1-ից հետո ընկած իրավիճակը: Իհարկե, Հիմնադիր խորհրդարանի հանդեպ ռեպրեսիվ գործողությունների մասշտաբները անհամեմատելի են այն ամենի հետ, ինչ կատարվում 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման հետ, բայց խնդիրն այստեղ ոչ այնքան մասշտաբներն են, որքան երևույթն ու մթնոլորտն ինքնին, միտումները, որոնք բնորոշում են ներքաղաքական գործընթացը: Կարծեք թե տեղի է ունենում դարձ ի շրջան յուր, և այս «դարձի» մեջ կա, իհարկե, տխուր խորհրդանշականություն:
Ներքաղաքական կյանք հասկացությունը Հայաստանում պայմանական հասկացություն է, քանի որ այն, ինչ տեղի է ունենում, ըստ էության երբեք և այժմ էլ շատ դժվար է բնորոշել որպես ներքին քաղաքականություն: Ներքին քաղաքականությունը ենթադրում է նախևառաջ օրենքով պաշտպանված քաղաքական մրցակցություն: Միայն տնտեսությունը չէ, որ երկրում պետք է լինի օրենքով պաշտպանված մրցակցային երևույթ: Նույնը պետք է լինի քաղաքականությունը: Իսկ քաղաքականությունը Հայաստանում օրենքով պաշտպանված մրցակցային երևույթ չէ, հետևաբար ներքաղաքական կյանք ասվածը դառնում է արդեն խիստ պայմանականություն: Հետևաբար այդ կյանքին մասնակցությունն էլ, ըստ էության, պայմանական երևույթ է դառնում, այսինքն` հարաբերական է՝ ներքաղաքական կյանքին ես մասնակցում, թե որևէ այլ ինչ-որ գործընթացի:
Սա, ընդհանուր առմամբ, այսօր դարձել է Հայաստանի ներքին կյանքի համար որոշակի ելակետային, հանգուցային կետ, յուրօրինակ դիլեմա, որի հաղթահարումից է կախված Հայաստանում իրավիճակի փոփոխության հեռանկարը կամ հեռանկարները՝ ըստ հնարավոր մի շարք տարբերակների և սցենարների: Ահա այս տեսանկյունից, առկա իրավիճակն ունի երկու կողմ՝ մեկում ներքաղաքական պայմանական կյանքի սուբյեկտներն են՝ իրենց սուբյեկտային մոտեցումներով, շահերով, հետաքրքրություններով, ընդհանրություններով և հակասություններով, առկա հարաբերությունների շրջանակում գոյություն ունեցող ներքին փակ մրցակցությամբ, իսկ մյուս կողմում առավել լայն ընդգրկում և նշանակություն ունեցող դիլեման է:
Ընդ որում` պետք է նկատել, որ Հայաստանում ներքին պրոցեսները այս երկկողմանիությունն ունեցել են միշտ: Պարզապես մշտապես էլ առաջնային դիրքում է եղել սուբյեկտային կողմը: Դիլեման անտեսվել է, ինչը որոշակի առումով նաև օրինաչափ, տրամաբանական իրողություն էր: Վեջին հաշվով, դիլեման չէր նկատվելու այնքան ժամանակ, քանի դեռ սուբյեկտային կողմի առումով անարդյունավետությունը, ձախողումները, տապալումները, նաև կեղծիքներն ու խաբեությունը չէին հասնելու հանրային տեսողության կամ արդեն պարզապես զգացողության համար անհրաժեշտ կրիտիկական աստիճանի: Այդ աստիճանից հետո միայն ակնհայտ դարձավ, որ ներքաղաքական պայմանականության պարագայում՝ օրենքով պաշտպանված քաղաքական մրցակցության բացակայությամբ, սուբյեկտային գերակայությամբ գործընթացները չեն կարող տանել որևէ այլ տեղ, քան տարել են մինչ այդ:
Ներքաղաքական կյանքի օրենքով պաշտպանված մրցակցության բացակայությունը սուբյեկտային ճանապարհը մշտապես ավարտելու է փակուղում, որովհետև սուբյեկտի լիարժեք և հանրօգուտ դրսևորման առանցքային գործոնը մրցակցության՝ ազատ, իրավական առումով պաշտպանված մրցակցության առկայությունն է: Այլապես պետք է դուրս գալ սուբյեկտային տրամաբանությունից և անդրադառնալ իրավիճակի ավելի լայն կոնտեքստին, այսինքն` ներքաղաքական կյանքի պայմանականությամբ թելադրված դիլեմային՝ հետագա գործողությունների տրամաբանությունը, սցենարները, մեթոդաբանությունն ու մոդելավորումը սկսելով այդ ելակետից: Հայաստանում այսօր ներքին կյանքը գտնվում է հենց այդ անցման փուլում:
Սուբյեկտային տրամաբանության անարդյունավետությունը գրեթե ապացուցված իրողություն է, առնվազն հռչակագրերի, հրապարակային խոսքի մակարդակում այդ տրամաբանությունից հրաժարվելու մասին հայտարարում են ներքին կյանքում ներգրավված բազմաթիվ սուբյեկտներ, և նույն հռչակագրային մակարդակում հասարակական-քաղաքական, նաև քաղաքացիական ավելի շատ շրջանակներն են խոսում դիլեմայի մասին: Իշխանության ռեպրեսիվ գործողությունները արձագանք են ներքին կյանքում կամ ներքաղաքական գործընթացում գործնական և մտածողության հարթության վրա դեռևս իշխող սուբյեկտային տրամաբանությանը: Եվ քանի դեռ այդ տրամաբանությունից հրաժարումն առավելապես հռչակագրային մակարդակում է, իսկ գործնական առումով իրավիճակը շարունակում է մնալ նույնը, իշխանությունը պարբերաբար դիմելու է ներքին կյանքում հարաբերության ամենափորձված և առայժմ անվրեպ աշխատող մեթոդին՝ ռեպրեսիվ, ուժային լծակների գործադրմանը:
Ընդ որում` այդպիսով իշխանությունը ստեղծում է որոշակի փակ շղթա կամ շրջան, որովհետև այդ լծակների գործադրմամբ հանրությանը ստիպում է իր հերթին դիմել նույն սուբյեկտային տրամաբանությամբ արձագանքների: Դրանից խուսափելն, իհարկե, շատ դժվար է, երբ կա հստակ անարդարացի, անօրինական, անիրավ, ակնհայտորեն «կարվող» հետապնդում ներքաղաքական կյանքի որևէ մասնակցի հանդեպ: Տվյալ դեպքում էլ հանրությունը արձագանքում է Հիմնադիր խորհրդարանի դեմ քայլերին, ինչպես երկու ամիս առաջ ԲՀԿ-ի դեմ քայլերին էր արձագանքում, ինչպես տարիներ առաջ ՀԱԿ-ի դեմ քայլերին է արձագանքում, ինչպես քաղաքացիական տարբեր ակտիվիստների դեմ քայլերին է արձագանքում: Այլ կերպ ասած` ռեպրեսիվ մեքենայի գործադրման միջոցով հանրությանը մղելով այդպիսի արձագանքի, իշխանությունն անընդհատ գցում է նրան նույն թակարդը:
Թակարդում չհայտնվելու և դրանից խուսափելու միջոցն, իհարկե, կոնկրետ հետապնդումներին չարձագանքելը չէ: Պարզապես անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ ներքին կյանքի հետ կապված բաց քննարկումներում, հասարակական-քաղաքական դիսկուրսում գերական դարձնել ոչ թե սուբյեկտային մոտեցումը, այլ դիլեման՝ ներքին կյանքին մասնակցության լայն համատեքստը և սուբյեկտների դերը դիտարկել այդ համատեքստում, ոչ թե հակառակը՝ ներքաղաքական կյանքը դիտարկել սուբյեկտների գործունեության ծիրում: Հայաստանի հասարակությունը նախ պետք է վերաիմաստավորի ներքին հասարակական-քաղաքական կյանք կոչված հասկացությունը՝ փակ շրջանից դուրս գալու և արդյունավետության բարձր գործակիցներ արձանագրելու համար:









































