Իրանը ոչ պաշտոնապես ԱՄՆ է արտահանում օձի և կարիճի խայթոցների դեմ պատվաստանյութ: Այս մասին հայտարարել է Իրանի շիճուկների և պատվաստանյութերի ինստիտուտի ղեկավար Հադի Ֆամիլ Գադեկչին՝ փոխանցում է ISNA գործակալությունը:
«Պատժամիջոցների պատճառով մենք չենք կարող դեպի ԱՄՆ որոշ պատվաստանյութերի ազատ արտահանում իրականացնել»,- պարզաբանել է նա:
Գադեկչին հավելել է, որ ԱՄՆ կողմից իրանական արտադրության շիճուկների կիրառման փաստը նշանակում է, որ Իրանը հասել է նման պատվաստանյութերի թողարկման պատշաճ մակարդակի:
Խոսելով պոլիոմելիտի դեմ պատվաստանյութի մասին՝ Գադեկչին հայտարարել է, որ Իրանն առաջին անգամ կկիրառի պոլիոմելիտի դեմ ներարկվող պատվաստանյութ: Նրա խոսքով՝ այն առաջիկայում զանգվածային արտադրության կուղարկվի և կմատակարարվի Իրանի և հարևան երկրների շուկա: Գադեկչին վստահեցրել է, որ այն արտադրվում է ԱՀԿ-ի մեթոդիկային համապատասխան:










































