Հայերի զանգվածային սպանություններից 100 տարի անց System of a Down ամերիկյան խումբը հիշատակի համար պայքարի է դուրս գալիս։ Լոս Անջելեսի ծանր ռոքերները, ովքեր 1990-ականների կեսերից մինչ օրս ավելի քան 40 մլն ալբոմ են վաճառել, ծագումով հայ են և պատրաստվում են եվրոպական շրջագայության, որը կհանգուցալուծվի ապրիլի 23-ին Երևանում կայանալիք համերգով։ Դա կլինի խմբի առաջին ելույթը Հայաստանում՝ գրում է AFP-ն։
System of a Down-ի նպատակը մեկն է, որի համար հայերը տասնամյակներ շարունակ պայքարել են. 1915 թվականին Օսմանյան կայսրության վերջին օրերին 1.5 մլն հայերի սպանությունների միջազգային ճանաչումը որպես Ցեղասպանություն։
Թուրքիան, որը ծնվել է Օսմանյան կայսրության մոխիրներից, կտրականապես ժխտում է հայերին բնաջնջելու համակարգված ջանքերը։
Թուրքիան ներկայացնում է զոհերի 500 հազարանոց թիվ և մեղքը բարդում Առաջին աշխարհամարտի ժամանակ առաջացած քաոսի ու սովի վրա։
«Մենք չունենք լոբբինգի այն ուժը, որն ունի Թուրքիայի կառավարությունը։ Մենք ունենք միայն մեր վերապրած ընտանիքի անդամների պատմությունները»,- գործակալության հետ զրույցում ասել է թմբկահար Ջոն Դոլմայանը։
«Ահա թե ինչու 100 կամ 150, կամ 200 տարի հետո ճշմարտությունը ջրի երես է դուրս գալու»,- ասել է նա։
Դոլմայանի խոսքով՝ իրենք կձգտեն անել առավելագույնը՝ բարոյախրատական դերով հանդես չգալու համար։ «Չես կարող ստիպել մարդկանց լսել քեզ, չես կարող ստիպել նրանց համաձայնել քեզ հետ, սակայն կարող ես ապահովել նրան տեղեկատվության աղբյուրով, որը նրանք կարող են վերցնել և ուսումնասիրել»,- ասել է Դոլմայանը։
Վոկալիստ Սերժ Թանկյանի խոսքով՝ Wake Up the Souls համերգային շրջագայությունն ունի ավելի ծավալուն նպատակ՝ բարձրացնել իրազեկվածությունն առ այն, որ մարդկանց իրավունքների ոտնահարումները 100 տարի անց համատարած են մնում։ Նա մատնանշել է եզդիների, քրիստոնյաների և այլ փոքրամասնությունների սպանությունները ԴԱԻՇ-ի կողմից՝ ներառյալ Սիրիայի այն հատվածներում, որոնք 1915-ի արյունահեղության ականատեսն են եղել։
«Հեգնական է, որ մարմինները թաղվում են նույն անապատում՝ մեր նախնիների ոսկորների վրա»,- ասել է Թանկյանը։
System of a Down-ի երևանյան համերգը կլինի ամենաերկարը խմբի պատմության մեջ։ Համերգը կազմված կլինի 32 կատարումներից։
ՄԱԿ-ը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընդունել է Ցեղասպանության մասին կոնվենցիան, բայց Թանկյանը նշել է, որ հզոր տերությունների միջև դեռևս գործուն համաձայնագիր չկա, որ եթե ցեղասպանություն սկսվի, բոլոր գրազները կչեղարկվեն, և կդադարենք գործ ունենալ այդ երկրի հետ։
Խմբի անդամները հույս են հայտնել, որ որոշ թուրք երկրպագուներ կգան իրենց համերգին։
Եվրոպական շրջագայության համար, որը ներառում է շոուներ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, խումբը ծրագրում է տեսանյութ թողարկել, որում հարցադրում կանի, թե հայերի սպանությունների հանդեպ զգույշ արձագա՞նքն է արդյոք քաջալերել նացիստական Գերմանիային հրամայելու Հոլոքոստը։
System of a Down խումբը վերջին տասնամյակում ալբոմ չի թողարկել, շրջագայություն չի ծրագրել, սակայն հարյուրամյակը շատ անձնական էր երաժիշտների համար։
«Ինչո՞ւ է կառավարությունն ամաչում ցեղասպանություն բառից։ Որքա՞ն այլ ցեղասպանություններ են մի կողմ դրվել քաղաքականության կամ քաղաքական կապիտալի պատճառով»,- ասել է Թանկյանը։











































